Tuesday, December 6, 2011

Իրավունքի «հարկը»

«Լրագիր» 6-12-2011- Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ տնտեսական հերթական կոնֆերանսում խոսելով դեմոգրաֆիական խնդրի մասին, մտահոգություն էր հայտնել, որ արտագաղթը ունի “երիտասարդ կառուցվածք”:
Եթե Հայաստանի իշխանությունը սկսել է խոսել արտագաղթի կառուցվածքից, ուրեմն խնդիրն իսկապես մտահոգիչ է եւ գտնվում է լուրջ “ստադիայում”:
Բայց, կա երիտասարդների “հեռանալու” մեկ այլ լուրջ խնդիր, որը կարծես թե ոչ պակաս լուրջ ստադիայում է: Խոսքը երիտասարդների կյանքից հեռանալու մասին է, որ տեղի է ունենում մասնավորապես հայկական զինուժում: Այնտեղ արձանագրվեց հերթական մահվան դեպքը, ընդ որում առանց թշնամու “միջամտության”:
Բանակի մահվան դեպքերի առիթով, իշխանությունը ոչ թե մտահոգություն է հայտնում առաջին դեմքերի մակարդակով, այլ սկսում է ներքին թշնամիներ որոնել: Բայց չէ որ շատ ավելի մտահոգիչ է, մեղմ ասած, երբ երիտասարդը երկրից չի հեռանում, գնում է ծառայելու զինված ուժերում, բայց այնտեղ սպանվում է կամ հասցվում ինքնասպանության:
Կրկնակի մտահոգիչ է, որ չնայած այդ բազմաթիվ դեպքերի մասով հանրային ակտիվությանը, քաղաքացիական բողոքին, իշխանության առաջին դեմքերը շարունակում են հրապարակավ լռել այդ թեմայի վերաբերյալ, փոխարենն ընդամենը որակումներ տալով բանակի մասին խոսող հանրային եւ քաղաքացիական խմբերին, որոշելով, թե ով իրավունք ունի խոսել բանակի մասին, իսկ ով այդ իրավունքը չունի:
Գուցե արժե սահմանադրական նորմով սահմանել, թե ով իրավունք ունի խոսել բանակի մասին, եւ ով այդ իրավունքը չունի:
Իրականում, դա թերեւս վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունը չունի բանակում առկա խնդիրների համակարգային լուծման հայեցակարգային պատկերացում, չունի հանրությանն ուղղված ասելիք, հետեւաբար չի կամենում լսել հանրությանը, եթե քաղաքացիների ասելիքը նախապես հենց ինքն էլ չի մշակել: Չէ որ հասարակությանը լսելուց հետո հարկ է պատասխան տալ լսածի համար:
Այդ պատասխանի բացակայությունն էլ հանգեցնում է այն պատասխանին, թե՝ դուք ով եք, որ խոսեք բանակի մասին, թե դուք ինչ իրավունք ունեք, որ խոսեք բանակի մասին:
Բանակի մասին խոսելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ով հարկ է վճարում Հայաստանի Հանրապետությանը: Որովհետեւ հայկական բանակը պահվում է այդ հարկերի հաշվին: Գուցե ոչ միայն, բայց նաեւ այդ հարկերի հաշվին, հետեւաբար Հայաստանի հանրապետության ցանկացած հարկատու ունի բանակի մասին խոսելու իրավունք, ինչպես եւ ցանկացած այլ պետական գերատեսչության, որը պահվում է հարկատուների վճարած փողով:
Այդ իմաստով, թեման թերեւս փակ է մեկընդմիշտ, եւ Հայաստանի զինուժի համար պատասխանատու պաշտոնյաները պետք է երեւի թե դադարեցնեն բանակի մասին խոսելու “իրավական” կատեգորիաների սահմանումները եւ զբաղվեն կոնկրետ իրենց գործով, ինչի համար վճարվում են հանրային գրպանից:
Իսկ այդ գործը ենթադրում է ոչ որակումներ, թե ինչպիսին է բանակի խնդիրներն այս կամ այն բարձրաձայնողը, այլ այդ բարձրաձայնումներին տրվող հստակ եւ փաստական պատասխաններ: Իսկ հասարակական լայն շրջանակներն արդեն կդատեն, թե ով է ավելի համոզիչ եւ իրավացի՝ խնդիրը բարձրացնողը, թե նրան պատասխանողը:
Փոխհարաբերության նաեւ հենց այդ որակն է, որ կարող է բերել իրավիճակի փոփոխության եւ օգնել նաեւ այդ միջոցով փնտրել կամ գտնել բանակում առկա համակարգային խնդիրների լուծման օպտիմալ տարբերակներ: Համենայն դեպս, հարկատուները դրա համար են վճարում պետական պաշտոնյաներին, ոչ թե նրա համար, թե ով ավելի սրամիտ, կոշտ կամ արագ “կվերաորակավորի” հանրային ընդդիմախոսությանը: Հարկատուները պետական պաշտոնյաներին վճարում են փաստարկված պատասխաններ ստանալու համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: