Sunday, December 4, 2011

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «փոխվել են» տեղերով

«Լրագիր» 3-12-2011- Երբ ստեղծվեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, 2007 թ. խորհրդարանի ընտրության նախօրեին, քաղաքական դաշտում ամենանյարդայինը Հանրապետական կուսակցության արձագանքն էր: Թեեւ Հանրապետականները հրապարակավ հերքում էին մրցակցության փաստը եւ նշում, որ ԲՀԿ-ն լինելու է իրենց գործընկերը, այնուամենայնիվ, ՀՀԿ գործողությունները հակառակն էին ցույց տալիս: Ի «հակակշիռ» ԲՀԿ-ի, այդ ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը մտավ ՀՀԿ եւ դարձավ փաստացի առաջնորդը, թեեւ ՀՀԿ-ն ուներ ղեկավար՝ Անդրանիկ Մարգարյանը: Նա նաեւ իր համար ստեղծված խորհրդի կազմում ընդգրկեց Հայաստանի քրեականացված օլիգարխիային:
Այդ ժամանակաշրջանում թեեւ ԲՀԿ-ն էլ, իր հերթին, հերքում էր սպասվող դիմակայությունը, սակայն նրա գործողությունները եւս հակառակն էին ապացուցում: Օգտագործելով հսկայական ֆինանսական ռեսուրսն ու վարչական լծակները, ԲՀԿ-ն երկրի բարձրագույն իշխանության աջակցությամբ վերածվեց խոշոր ու ազդեցիկ կառույցի, որն այն ժամանակ ընդդիմության բացակայությամբ նաեւ սկսեց իր շարքերը համալրել ընդդիմադիր տրամադրվածությամբ զանգվածներին: Խորհրդարանի 2007 թ. ընտրության նախօրեին հայտարարվեց, որ ԲՀԿ-ն ունի 400 հազար անդամ:
Թեեւ այն ժամանակ արդեն իսկ պարզ էր, եւ մամուլն ու փորձագետները նշում էին, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ հակասություններ կան, եւ որ ներքաղաքական կյանքի առաջիկա տարիներն անցնելու են այս երկու կուսակցությունների դիմակայության պայմաններում, սակայն Կոնգրեսին համակիր մամուլը գրում էր, որ դա ընդամենը խաղ է: Ճիշտ է, 4 տարի անց Կոնգրեսի առաջնորդը խոստովանեց, որ դա արդեն անհերքելի փաստ է, սակայն, այդ առումով, Կոնգրեսը բաց է թողել ժամանակը: Սակայն Կոնգրեսը մինչ այժմ շարունակում է օգտագործել «քոչարյանասարգսյանական» ռեժիմ արտահայտությունը, թեեւ արդեն ժամանակն էլ է ցույց տվել, որ նման բան չկա, եւ որ Քոչարյանն ու Սարգսյանը բացարձակապես «անհամատեղելի են»: Սա՝ իմիջիայլոց:
Շատերն էին այն ժամանակ հարց տալիս, թե որն է ԲՀԿ-ն ստեղծելու իմաստը, եթե կար արդեն մեկ այլ մոնստր իշխանական կուսակցություն՝ ՀՀԿ-ն, որի միջոցով կարելի էր ապահովել իշխանության վերարտադրությունը, եւ որն է լինելու գաղափարախոսությունից եւ քաղաքական բնույթի գործունեությունից զուրկ կուսակցության՝ ԲՀԿ-ի անելիքն ու դերը Հայաստանի ապագա զարգացումներում:
Հիշենք 2007 թ ընտրության նախօրեն: ԲՀԿ-ն հայտարարում էր, թե վերցնելու է խորհրդարանի մեծամասնությունը: ՀՀԿ-ն, իր հերթին, վստահ հայտարարում էր ապագա խորհրդարանում բացարձակ մեծամասնություն վերցնելու մասին:
2007 թ. խորհրդարանի ընտրության արդյունքով ՀՀԿ-ն իսկապես ստացավ բացարձակ մեծամասնություն, իսկ ԲՀԿ-ն հավաքեց մոտ 200 հազար ձայն, թեեւ հայտարարվում էր 400 հազար անդամների մասին: Մամուլը գրեց, որ ԲՀԿ ձայները պարզապես «գրվել են» ՀՀԿ-ի օգտին: ԲՀԿ-ն չհերքեց այս տեղեկությունները, սակայն նաեւ քայլեր չկատարեց այդ ուղղությամբ: Ընտրության՝ մայիսի լույս 13-ի գիշերը ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ տոնական հրավառություն, իսկ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն «իր ոտքով» գնաց ՀՀԿ՝ շնորհավորելու նրա «հաղթանակը»:
Սակայն վերադառնանք ԲՀԿ դերին: Ինչո՞ւ էր ստեղծվել այդ կուսակցությունը: 2007-ի ընտրությունից առաջ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը տարբեր ամբիոններում հանդես եկան բավական անսպասելի ելույթներով, որոնք վերաբերում էին մենաշնորհներին, բիզնեսի ու իշխանության տարանջատմանը, արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտությանը: Այսինքն, այն բաները, ինչ հայտարարում է ներկայիս իշխանությունը:
Փաստացի, Հայաստանի բարձրագույն իշխանությունը, ինքնապահպանման համար, ստեղծեց Բարգավաճ Հայաստան պրոյեկտը, որը պետք է շռնդալից հաղթանակ տաներ խորհրդարանի ընտրությանը եւ վերջ տար ՀՀԿ գերիշխանությանը: ՀՀԿ-ն նույնացվում էր քրեաօլիգարխիկ համակարգի հետ, որը պետք է վերացվեր:
Դա այն շրջանն էր, երբ Արեւմուտքը բավական խիստ ու հստակ պահանջում էր փոփոխություններ Հայաստանի կառավարման համակարգում, եւ դա ձեւակերպում Ներսիսյանցի ու Օսկանյանի ելույթներով: Քոչարյանը համաձայնել էր այդ պահանջներին եւ ընդունել ԲՀԿ «պրոյեկտը», որի դերը ներքին կյանքում պետք է լիներ գրեթե նույնը, ինչ դեր խաղաց Դոն Կոռլեոնեն Ամերիկայում, գանգստերական կարգը ապամոնտաժելու հարցում: Այսինքն, օլիգարխիայի շրջանակից առանձնացվում է ամենաազդեցիկներից մեկը եւ դեմ տրվում մյուսների դեմ:
Այս մեխանիզմի «նախապատրաստական» շրջանը անցավ նախատեսվածի պես, սակայն ընտրության օրը մեխանիզմը խափանվեց: Տեղեկություններ տարածվեցին, թե Սերժ Սարգսյանը կարողացել է համոզել Ռուսաստանին, որ ԲՀԿ նախագիծը ձեռնտու չէ Մոսկվային եւ ի վերջո հանգեցնելու է Ռուսաստանի ազդեցության գոտուց Հայաստանի դուրս գալուն: Եւ Մոսկվայի «հրահանգով» տեղի ունեցավ մայիսի լույս 13-ի գիշերվա «հրավառությունը»:
Հետաքրքիր է, որ ներկայում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարծես փոխվում են դերերով: Այսօր ՀՀԿ-ն հանդես է գալիս այն նույն դիրքերից, որի համար ժամանակին ստեղծվեց ԲՀԿ-ն: ՀՀԿ-ն հայտարարում է արդար ընտրությունների, բիզնեսի ու իշխանության տարանջատման, երկրի արտաքին քաղաքական եւ տնտեսական կուրսը դիվերսիֆիկացնելու եւ այլնի մասին: Եւ հակառակը, ԲՀԿ-ն այսօր նույնացվում է «ռուսական պրոյեկտի» հետ:
Արդյոք այս անգամ էլ ԲՀԿ-ն կամ Քոչարյանը կհամոզեն ռուսներին, որ Հայաստանը դուրս է գալիս իրենց ենթակայությունից: Սակայն, ներկայում իրավիճակը փոքր ինչ այլ է: Ռուսաստանը կարծես թե հաշտվել է հայաստանյան որոշ թե ներքին ու թե արտաքին իրողությունների հետ եւ մտադիր չէ ակտիվորեն ներգրավվել խորհրդարանի առաջիկա ընտրությանը, ինչպես եղավ 2007-ին եւ դրանից առաջ: Բացի այդ, ռուսական իշխանությունները ներկայում լուրջ ներքին խնդիրներ ունեն եւ Հայաստանի ժամանակն ու «հավեսը» չունեն: Մանավանդ որ, հայաստանյան ամեն մի ընտրության միջամտելուց հետո Մոսկվան ավելի ու ավելի խորթ է դառնում ավանդաբար ռուսամետ հայ հասարակության համար: Հոկտեմբերի 27, մայիսի լույս 13-ի գիշեր, մարտի 1...
Հայկ Արամյան

No comments: