Tuesday, December 6, 2011

Ինձ համար շատ դժվար էր Երևան գնալը. Ալլահշուքյուր Փաշազադե

Tert.am. 6-12-2011- Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ադրբեջանական ANS TV հեռուստաալիքի հետ զրույցում, անդրադառնալով վերջերս Հայաստան կատարած այցին, ասել է, թե իր համար «շատ ծանր էր այդ այցը»։
«Ինձ համար շատ ծանր էր այնտեղ գնալը, շատ ծանր։ Ներքին ձայնս ասում էր, որ եթե ես գնում եմ, եթե հնարավորություն եմ ունենալու ճշմարտության մասին խոսել և պետք է խոսեմ ճշմարտության մասին, ապա նշանակություն չունի՝ ուր եմ գնում։ Ուր էլ որ լիներ, ես պետք է գնայի։ Եթե չգնայի, ապա դա վախկոտության դրսևորում կլիներ։ Բացի այդ, միջոցառման շրջանակում ընտրություններ պետք է անցկացվեին, և իմ ներկայությունն այնտեղ, որպես համանախագահ, պարզապես անհրաժեշտ էր։ Հակառակ դեպքում ես կզրկվեի, որպես համանախագահ, Ադրբեջանի մասին ճշմարտությունը միջազգային կազմակերպությունների ամբիոններից՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ից, ՄԱԿ–ից, միջազգային հանրությանը հասցնելու հնարավորությունից»,–ասել է նա։
Փաշազադեն օրեր առաջ Երևան էր այցելել՝ ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին մասնակցելու համար։

Մահմեդականների հոգևոր առաջնորդն այնուհետև կիսվել է Երևանից ստացած իր տպավորություններով՝ ասելով, թե մայրաքաղաքում «որևէ նորարարություն» չի նկատել։ «Միայն մեկ նոր շենք եմ տեսել»,–նշել է նա։

Երևանում անցկացված նիստի շրջանակում փակ դռների հետևում եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ 1–ի միջև, որոնք հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որում, մասնավորապես, կոչ էր արվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից հետ քաշել դիպուկահարներին: «Մենք ղեկավարությանն առաջարկել ենք, որ եթե հնարավոր է, դիպուկահարներին հետ քաշեք շփման գծից։ Մնացած հարցերը պետությունների ղեկավարների հայեցողությանն է հանձնված։ Այն հարցերը, որոնց տակ մենք ստորագրություն ենք դրել, պարտավորությունների բնույթ չեն կրում։ Մենք մեզ վրա որևէ լիազորություն չենք վերցնում։ Դրանք միայն խորհուրդներ են»,–ընդունված համատեղ հայտարարությանն անդրադառնալով՝ ասել է նա։

Փաշազադեն խոսել է նաև հնարվոր նոր հանդիպումների մասին։ «Շփման գծում հնարավոր է՝ նոր հանդիպումներ տեղի ունենան, ինչպես մտավորականության ներկայացուցիչների, այնպես էլ նրանց հետո։ Շփման գիծ ասելով՝ նկատի ունեմ հայ–ադրբեջանական սահմանը։ Կցանկանայի Գարեգինին Նախիջևան հրավիրել, որպեսզի գա և տեսնի՝ ինչպիսի զարգացում է այնտեղ տեղի ունենում։ Կարծում եմ, որ այդ հանդիպումներն ավելի շատ արդյունավետ են, քան վնասակար»,–ասել է Փաշազադեն։

Այցի շրջանակում Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին ընդունել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ հանդիպմանն անդրադառնալով՝ մահմեդականների հոգևոր առաջնորդն ասել է. «Չէի ցանկանա մանրամասները բացել։ Երբ ասում եմ Հայաստանի նախագահ, նկատի ունեմ քաղաքական ղեկավարներին։ Ես նրան ասել եմ, որ այս ժողովորդի արյունն է հոսում։ Դուք պատասխան եք տալու դրա համար Ալլահի առջև....։ Այդ հարցը (ԼՂ հարցը) պետք է խաղաղ ճանապարհով լուծվի։ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի օրենքի շրջանակում։ Ղարաբաղը և 7 շրջանները պետք է ազատագրվեն»,–ասել է Փաշազադեն և հավելել, որ Հայաստանում իր նկատմամբ վերաբերմունքը «լավ է եղել»։

No comments: