Tuesday, December 6, 2011

Եթե Քոչարյանն ու ԲՀԿ-ն պայմանավորվեն

«Լրագիր» 6-12-2011- ԲՀԿ հետ գործակցության մասին առաջարկը ներկայացնելով  որպես ընդամենը  “քաղաքագիտական  վերլուծություն”,  Կոնգրեսի   առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը  բնականաբար ցանկանում  էր  խուսափել  հրապարակավ “մերժված”  լինելու  հեռանկարից:   Բայց, Գագիկ Ծառուկյանը կարծես թե հապաղում է մերժման հարցում:  ԲՀԿ առաջնորդը վերադարձել է Դուբայից, ուր ծննդյան տարեդարձն էր նշում, սակայն դեռ ոչ մի բառ չի ասել Կոնգրեսի հետ ԲՀԿ գործակցության “քաղաքագիտական” հեռանկարի մասին:
Արդյո՞ք Ծառուկյանը հոգու խորքում դիտարկում է գործակցության այդ հեռանկարի հնարավորությունը: Համենայն դեպս, քանի դեռ նա լուռ է, հիմք կա ենթադրելու, որ մտածում է Տեր-Պետրոսյանի ասածի վրա: Գուցե Ծառուկյանը փորձում է հասկանալ, թե որքան լուրջ էին ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալությունը՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով, եւ ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան մոտ արձանագրված կրակոցները:
Չէ որ ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր իրենց կուսակցության հանդեպ “վհուկների որսի” մասին: Ծառուկյանը թերեւս կփորձի հստակեցնել՝ եթե դրանք ոչ թե “որսագողության” դեպքեր էին, այլ “որսաշրջանի մեկնարկ”, ապա չի բացառվում, որ նա շփումներ սկսի Կոնգրեսի հետ:
Պարզ է, որ այդ հեռանկարն անցանկալի է Սերժ Սարգսյանի համար: Դա գուցե ռիսկ է նաեւ Ծառուկյանի համար, որովհետեւ ներկայում Սարգսյանի դիրքերն առավել քան երբեւէ ամուր են թվում եւ ավելի շատ նա կարող է փաստի առաջ կանգնեցնել Ծառուկյանին, քան Ծառուկյանն իրեն: Բայց, եթե ԲՀԿ առաջնորդը տեսնի, որ իր դեմ հետեւողական արշավ է սկսվել եւ խժռվելուց բացի այլ հեռանկար իրեն չի սպառնում, ապա կգնա նույնիսկ Կոնգրեսի հետ գործակցության, չնայած սպառնացող ռիսկերին:
Ահա այդ իմաստով, մեծ է հավանականությունը, որ ԲՀԿ առաջնորդը Կոնգրեսը դիտարկում է որպես Սերժ Սարգսյանի հետ իր հարցը լուծելու գործիք: Իհարկե, դրա համար նա կարծես թե պետք է հրապարակավ հրաժարվի Քոչարյանից էլ, մարտի 1-ից էլ, ինչպես “պահանջել” էր տեր-Պետրոսյանը: Բայց, Քոչարյանն ինքն էլ կարող է հրաժարվել ԲՀԿ-ից, հանուն ԲՀԿ-Կոնգրես շփման, ընդդեմ Սերժ Սարգսյանի:
Այսինքն, իրականում հրաժարվելով միմյանցից, Քոչարյանն ու ԲՀԿ-ն ասենք կարող են մնալ իրար հետ, սպասելով, որ Կոնգրեսի հետ ԲՀԿ-ն լուծի Սերժ Սարգսյանի հարցը, եւ ակնկալելով, որ հետո էլ իրենք՝ այսինքն Քոչարյանն ու ԲՀԿ-ն, կլուծեն Կոնգրեսի հարցը եւ կվերցնեն ամբողջական իշխանությունը:
Բնական է, որ Տեր-Պետրոսյանն էլ հակառակ ակնկալիքն ունի, որ ԲՀԿ-ին տարանջատելով Քոչարյանից, ինքը կարող է լուծել Սերժ Սարգսյանի հարցը, իսկ հետո էլ կլուծի ԲՀԿ հարցն ու կվերցնի իշխանությունը: Սակայն, Տեր-Պետրոսյանի համար իշխանությունը տվյալ պահին գուցե ամենամեծ խնդիրը չէ, քանի որ Կոնգրեսի առաջնորդն անկասկած չէր կարող չպատկերացնել Քոչարյան-ԲՀԿ հրապարակային հրաժարումի, բայց ստվերային գործակցության տարբերակը: Իսկ դա բավական լուրջ վտանգ է որքան Սերժ Սարգսյանի, նույնքան էլ Տեր-Պետրոսյանի համար:
Տեր-Պետրոսյանն այստեղ կարծես թե ավելի շատ փորձում է խառնել քաղաքական միջավայրը հնարավոր տարբերակների եւ շահերի բազմազանությամբ, այդպիսով լուծելով հատկապես երկխոսության անհաջող փորձից հետո ավելի ու ավելի շոշափելի կամ նկատելի դարձող, եւ իր համար թերեւս իշխանությունից էլ կարեւոր մի խնդիր՝ չմարգինալանալու, առնվազն մինչեւ խորհրդարանի ընտրություն Կոնգրեսի մարգինալացում թույլ չտալու խնդիրը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: