Thursday, December 1, 2011

Ինչ է պահանջում քաղաքացին

«Լրագիր» 1-12-2011- ՄԱԿ մարդկային զարգացման ինդեքսի վերաբերյալ զեկույցում, Հայաստանը շրջանցել է Թուրքիային եւ Ադրբեջանին, համարվելով կյանքի համար առավել բարենպաստ երկիր, քան այդ երկրները:
ՄԱԿ զեկույցը թերեւս “երկնային մանանայի” պես մի բան լինի Հայաստանի իշխանական քարոզչության համար: Զեկույցը կփորձեն ներկայացնել որպես Հայաստանի իշխանության անշեղ ուղու, տնտեսական հմուտ քաղաքականության եւ բարեփոխումների վկայություն:
Moody's-ը, որ օրերս բացասական էր գնահատել Հայաստանի արտաքին պարտքը մարելու հեռանկարը, կհայտարարվի “օրենքից դուրս”, եւ հանրությանը կպահանջեն հավատալ միայն ՄԱԿ-ին: Տիգրան Սարգսյանն էլ ընդդիմախոսներին խորհուրդ կտա այսուհետ բանավիճել ՄԱԿ-ի հետ:
Հայաստանում կյանքը կարծես թե սկսել է չափվել այդ միջազգային զեկույցներով եւ գնահատականներով, ու կարծես թե դրանք են դարձել գլխավորը, այլ ոչ թե Հայաստանի քաղաքացու կարծիքը, գնահատականը:
Ընդ որում, եթե իշխանությունը որոնում է միջազգային դրական կարծիքներ ու գնահատականներ, ընդդմությունն էլ բացասականներն է որոնում, ինչը զուտ փիլիսոփայության առումով միեւնույն երեւույթն է:
Մինչդեռ Հայաստանում այդ միջազգային կարծիքներն ու գնահատականները պետք է լինեն երկրորդական, եւ առաջնայինը պետք է լինի քաղաքացու գնահատականն ու կարծիքը: Եթե ՄԱԿ-ը Հայաստանը նույնիսկ հռչակի աշխարհում ապրելու համար ամենաբարենպաստ երկիր, ապա միեւնույն է, դա ոչ մի գրոշ չարժե, եթե Հայաստանի քաղաքացին հեռանում է երկրից եւ գնում այլ երկրում ապրելու եւ աշխատելու, իսկ հաճախ էլ պարզապես գողություն անելու:
Իսկ Հայաստանի քաղաքացին գնում է երկրից, գնում է տասնյակ հազարներով: Իշխանության այն փաստարկը, թե գնում են խոպան ու վերադառնում, էլի փաստարկ չէ, որովհետեւ եթե մարդը իր երկրում է տարվա մեջ ընդամենը երկու-երեք, կամ չորս ամիս, ապա դա ամենեւին էլ երկրում լինել չէ:
Մեկ այլ նրբերանգ էլ Ադրբեջանին գերազանցել-չգերազանցելն է: Մեծ հաշվով, դա չպետք է լինի Հայաստանի համար սեփական իրավիճակի հանդեպ գնահատականի կամ վերաբերմունքի չափանիշ: Հայաստանի համար չափանիշը պետք է լինի Հայաստանի քաղաքացու պահանջը: Եթե այդ պահանջը բավարարվում է ավելի, քան ասենք Ադրբեջանն է բավարարում իր քաղաքացու պահանջը, ապա Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին, անկախ վիճակագրական տարատեսակ ցուցանիշներից:
Եթե այդ պահանջի բավարարման տեսանկյունից Հայաստանը չի գերազանցում Ադրբեջանին, ապա մնացյալ վիճակագրական տվյալներին չնայելով էլ պետք է արձանագրել՝ ուրեմն զիջում է:
Մեր զարգացումը, զարգացման տեմպը եւ որակը մենք պետք է չափենք միմիայն, կամ գերազանցապես մեր իսկ պահանջներից ելնելով, Հայաստանի քաղաքացու պահանջներով դատելով եւ առաջնորդվելով: Եվ նաեւ գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանում արվի հնարավորը, պետությունից կամ պետության հանդեպ քաղաքացու հնարավորինս որակյալ, արդիական պահանջներ ձեւավորելու եւ ունենալու համար: Որովհետեւ Հայաստանի զարգացումն ու մրցունակությունը կախված է ոչ միայն նրանից, թե ինչքանով կբավարարվեն քաղաքացիների պահանջները, այլ թե ինչպիսին կլինեն այդ պահանջները որակի, բովանդակության տեսանկյունից:
Այդ գործում առաջնային անելիք ունի թե թե կառավարող թե ընդդիմադիր, թե քաղաքացիական, թե մշակութային “էլիտաները”: Թե դրանցից ով ինչպես է կատարում իր անելիքը, այլ թեմա է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: