Tuesday, December 6, 2011

ՀՀԿ-ի փողերը

«Լրագիր» 6-12-2011- Հայկական մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում սոցիալապես ծայրահեղ անապահով խավերի, հատկապես երեխաների մասին, պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այնպիսի մանուկների մասին, որոնք ծանր հիվանդ են եւ նրանց կյանքը փրկելու համար պահանջվում է թանկարժեք բուժում, ինչի հնարավորությունն այդ երեխաները չունեն:
Երբ այդ տեղեկությունների ֆոնին հետեւում ես Հայաստանի իշխող կուսակցության գործունեությանը, ապա առնվազն տպավորություն ես ստանում այդ կուսակցության ղեկավար կազմի “սոցիալական անմեղսունակության” մասով:
Երկրում կան երեխաներ, որոնք ապրում են ցրտի, մթի, սովի, մերկության պայմաններում, որոնք նույնիսկ չունեն իրենց առողջության տարրական պահանջները բավարարելու հնարավորություն, որոնք մամուլի միջոցով դիմում են իրենց համաքաղաքացիներին, որ գոնե օգնություն ստանան, որ փող հավաքեն եւ օգնեն իրենց անհրաժեշտ բուժմանը, իսկ Հանրապետական կուսակցությունը համերգներ ու զվարճանքի միջոցառումներ է կազմակերպում չգիտես ինչ փողերով, իսկ դրանցից ազատ ժամանակ էլ ինչ որ տնտեսական կոնֆերանսներ, որտեղ լուրջ լուրջ խոսում են ապագայի մասին, այն դեպքում, երբ կողքը՝ ներկայում, երեխաներ են տառապում հիվանդությունից, մերկությունից, ցրտից ու սովից:
Եթե Հանրապետական կուսակցությունը Թաթայի համերգի կամ թեկուզ նույնիսկ ռոք-փառատոնների փողերն ուղղեր դեպի այդ մանուկների մանկությունը մի փոքր տանելի դարձնելուն, ապա դրանից Հայաստանը որպես պետություն շատ ավելի կշահեր, թեեւ իհարկե հարաբերական է պետական շահ հասկացությունն այն դեպքում, երբ այդ պետության իշխող կուսակցությունը այնպիսին է, ինչպիսին ՀՀԿ-ն:
Եվ լուրջ դեմքով տնտեսական կոնֆերանսների փողերն էլ թերեւս ավելի լավ է սոցիալապես անապահով խավի մանուկներին տրամադրել, քանի որ դրանից գոնե այդ փողը օգտակար կծախսվի, որովհետեւ տնտեսական կոնֆերանսից օգտվում են միայն հեռուստաընկերությունները, որ ստանում են եթերը լցնելու “պրոդուկտ”:
Կիրակի օրը ժողովներ անելու փոխարեն թերթեր կարդացեք, եթե շաբաթվա ընթացքում չեք կարդում, եւ ոչ միայն ֆիքսեք այն հոդվածները, որոնց համար կարող եք դատի տալ մամուլին եւ միլիոններ կորզել, այլ նաեւ նրանք, որտեղ սոցիալապես տառապող մանուկների մասին տեղեկություններ կան:
Կարդացեք եւ օգնեք այդ մանուկներին, ընդ որում առանց հեռուստատեսության, որովհետեւ պետք չէ նյութապես օգնել մանկանը, բայց զուգահեռ ոչնչացնել բարոյապես՝ շնորհակալություն եւ երախտագիտություն աղերսող տեսախցիկներով ու խոսափողներով:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: