Tuesday, December 6, 2011

ԵԱՀԿ–ն կոչ է արել գործի դնել շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմը

Tert.am. 6-12-2011- «Մենք պետք է գործի դնենք ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերի հետքննման մեխանիզմը»,– այսօր Վիլնյուսում մեկնարկած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, Աժուբալիսը հավելել է, որ վերոնշյալ մեխանիզմի գործի դրման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել այս տարվա մարտին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ։
Աժուբալիսի խոսքով՝ նման մեխանիզմի կիրառումը նվազեցնելու է լարվածութունը ԼՂ հակամարտության գոտում։
Այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի երկօրյա 18–րդ գագաթնաժողովը։
Գագաթնաժողովին մասնակցում են կազմակերպության 56 անդամ երկրների, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայից և Ասիայից 12 գործընկեր երկրների արտգործնախարարները։
Գագաթնաժողովի ընթացքում քննարկման հիմնական թեմաներն են՝ ռազմական և անվտանգության ոլորտում վստահության ամրապնդման միջոցառումները, կիբերսպառնալիքների և թմրամիջոցների տարածման դեմ պայքարը, լրագրողների անվտանգությոնը, էներգոանվտանգությունը։
Հաղորդվում է, որ գագաթնաժողովի շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն է ընդունվելու։

No comments: