Tuesday, December 6, 2011

ԷՐԴՈՂԱՆԻ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑՈՒՄ Է ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂԸ

«ԱԶԳ» , 06-12-Ըստ երեւույթին, կարելի է նշել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հմուտ քաղաքագետ է, եւ միջազգային ասպարեզում Թուրքիայի վարկանիշի բարձրացումը մեծ մասամբ անձամբ նրան եւ որոշ առումով էլ նրա կուսակցությանը պետք է վերագրել: Բայց իր երկրի պատմությունը չի համագործակցում իր հետ: Թուրքիան այնքան շատ ներքին կամ այսպես կոչված «ընտանեկան» գաղտնիքներ ունի, որ դրանց բացահայտումն ամեն րոպե կարող է վտանգել երկրի եւ նրա ղեկավարների հեղինակությանը:
Նման դեպք տեղի ունեցավ, երբ վարչապետը վերջերս խիստ հաշվարկված քայլ կատարելովՙ ներողություն խնդրեց 1937-38 թթ. Դերսիմի իրադարձությունների համար, որոնց ընթացքում ավելի քան 100 հազար ալավիներ եւ քրդեր կոտորվեցին երկրումՙ զինված ասպտամբությունը ճնշելու անվան տակ:
Էրդողանի հաշվարկված այս քաղաքական քայլը տեղիք տվեց անհաշիվ հակազդեցությունների, որոնք շարունակում են կուտակվել: Կեղծավորություն եւ դեմագոգիա դրսեւորելու ասպարեզում նա առաջնակարգ վարպետ է, որ կարող է որեւէ բան եւ ամեն բան օգտագործել առաջ տանելու իր քաղաքական օրակարգի հարցերը:
Բայց կարծես այս անգամ «բումերանգի էֆեկտը» կամ հակազդեցությունն այնքան ուժեղ է, որ ակնկալված քաղաքական դիվիդենտների փոխարեն Թուրքիան կարող է մեծապես տուժել:
Ներկայումս Թուրքիայում դաժան մրցակցություն է ծավալված Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» եւ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների միջեւ: Երկուսն էլ փորձում են իրար հիմնովին ոչնչացնել:

Իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը մեծ հաջողությամբ կարողացավ մեկուսացնել ուժեղ ընդդիմադիր, «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալին, վերջինիս եւ իր նախկին կուսակիցներից մեկի վերաբերյալ սեռային բնույթի տեսաժապավեն հրապարակելով: Նրան փոխարինելու եկավ համեմատաբար ավելի մեղմ կամ չափավոր ծայրահեղական թվացող Քեմալ Քըլըչդարօղլուն, չնայած այժմ նա էլ է կրակ թափում Էրդողանի, նրա կուսակցության եւ վարչակազմի գլխին:
Հակադարձ մեղադրանքները մի կուսակցությունից մյուսին են հասցեագրվում:
Էրդողանը միաժամանակ մի քանի հասցեատիրոջ էր ուղղում իր խոսքը, երբ, անդրադառնալով Դերսիմի իրադարձություններին, ասաց. «Դերսիմը մեր պատմության ամենացավալի եւ ամենաողբերգական իրադարձություններից մեկն է: Դա մի աղետ էր, որին այժմ անդրադառնալու խիզախությունը պետք է ունենանք: Այդ կոտորածների հետ առերեսվողը իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը չէ, որ պետք է լինի, այլ այդ արյունոտ իրադարձությունների հեղինակ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը եւ նրա առաջնորդը Թունջելիից (Դերսիմի այժմյան անվանումը)»:
Նա ավելի առաջ գնալով, հայտարարեց. «Ե՞ս պետք է ներողություն խնդրեմ, թե՞ դու (Քեմալ Քըլըչդարօղլու): Այդուհանդերձ, եթե պետք լինի պետության անունից ներողություն խնդրել, եւ առիթ լինի դրա համար, ապա ես ներողություն կխնդրեմ ու խնդրում եմ: Բայց եթե կա մեկը, որ պետք է ներողություն խնդրի Ժողովրդա-հանրապետական կուսակցության անունից, ապա դուք պետք է լինեք, քանի որ դուք Դերսիմից եք: Ասում էիք, չէ՞, որ հպարտ եք դերսիմցի լինելու համար: Այժմ ժամանակն է փրկելու ձեր հպատությունը»:
Էրդողանը, որ սիրում է ուրիշներիցՙ Իսրայելից, Գերմանիայից եւ Հայաստանից ներողություն պահանջել, այս անգամ ինքն է խրվել ներողության խաղի մեջ: Այդ քայլի բազմաթիվ հասցեատերերից մեկը Աթաթուրքի հիմնած ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն է, որին այժմ գլխավորում է Քըլըչդարօղլուն: Բայց դրա հետեւում թաքնված հասցեատերը, անշուշտ, Աթաթուրքն է, որի ժառանգությունը քարուքանդ է լինում, աղյուս առ աղյուս, իշխող իսլամիստական կուսակցության կողմից:
«Էրգենեքոնի» հետազոտությունները, բանակային պատասխանատու անձանց ձերբակալությունները, եւ զինվորական հաստատությունների դեմ մղված պայքարը անբաժանելի մասնիկներն են այդ հետեւողական քաղաքականության:
Հասցեատերերից կամ թիրախներից մեկն էլ, անկասկած, Դերսիմի ալավի բնակչությունն է, որի քվեները վարչապետը փորձում է սիրաշահել:
Այս բոլորն, անշուշտ, ներքին շուկայի համար է: Բայց Էրդողանը նաեւ միջազգային հանրությանն էր հասցեագրում իր ելույթը, մատնացուցելով, որ Թուրքիան քայլ առ քայլ փորձում է առերեսվել իր անցյալի արյունոտ պատմության հետ: Դրանով նա դիվիդենտներ էր ցանկանում ձեռք բերել Եվրոմիությանը անդամակցելու առնչությամբ:
Որոշ շրջանակներ Հայաստանում թե սփյուռքում վաղահաս հույսեր սկսեցին փայփայել, որ ներողությունների այս հերթը հասնի նաեւ Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելուն: Բայց Էրդողանն իր ընդդիմադիր կուսակցության հետ պայքարն այնպիսի ձեւով առաջ տարավ, որ ընդմիշտ փակեց նման հնարավորությունը: Դերսիմի իրադարձությունների վերաբերյալ իր ելույթը նա սկսեց այսպես. «Դերսիմը մեր պատմության ամենացավալի եւ ամենաողբերգական իրադարձություններից է» նախադասությամբ, որը նշանակում է, թե դրանից ավելի ողբերգական իրադարձություն չկա: Ավելին, երբ Քըլըչդարօղլուն ակնարկեց, որ Էրդողանի քաղաքականությունը կարող է առաջնորդել նրան Հայոց ցեղասպանության համար էլ ներողություն խնդրելուն, ինչը համահունչ կլիներ սփյուռքահայերի մտածելակերպին, Էրդողանը նյարդայնացած հակաճառեց. «Ամոթ քեզ, ինչպե՞ս ես համարձակվում նույնացնել ինձ սփյուռքահայերի հետ»:
Ըստ Քըլըչդարօղլուի, Դերսիմի կոտորածների համար ներողություն խնդրելը բավական չէ: Պետք է նաեւ բացել այդ միջադեպերի վերաբերյալ բոլոր արխիվները, ինչը կարող է մեկ ուրիշ «Պանդորայի արկղ» դառնալ, քանի որ դրանցով կբացահայտվեն իրադարձությունները հրահրող զինվորական առաջնորդների անունները եւ տեղի բնակչությունը միատարր դարձնելու Աթաթուրքի մտադրությունները: Զինվորականների պահանջներից մեկն այդ ժամանակ ալավի առաջնորդներից պահանջելն էր, որ իրենց հանձնեն Դերսիմում ապաստան գտած 25 հազար հայերին, որոնք փրկվել էին ցեղասպանությունից: Մյուս բացահայտումների շարքին կլինեն Աթաթուրքի որդեգրած դստեր եւ Թուրքիայի առաջին զինվորական օդաչուիՙ Սաբիհա Գյոքչենի հանցագործությունները: Դերսիմի հայերը կրկնակի վիրավորված էին, որ իրենց «քույրը» միացել էր թուրքական զինվորականությանը եւ ռմբակոծում էր իրենց: Ի հեճուկս թուրք ռասիստների, Հրանտ Դինքը հայտնաբերել էր եւ հրապարակել այն փաստը, որ Սաբիհա Գյոքչենը հայ որբուհի էր:

Թուրք զինվորականությունը տարածքը ռմբակոծելուց եւ մարդկանց ունեցվածքներն առգրավելուց հետո Դերսիմից դուրս քշեց ողջ մնացածներին դեպի հանրապետության այլ շրջաններՙ նրանց ձուլման ենթարկելու նպատակով:

Այնուամենայնիվ, հակառակ Էրդողանի զգուշավորությանը, մամուլի մեկնաբանությունների մի ամբողջ խմբաքանակ նրանից պահանջում է ներողություն խնդրել նաեւ Հայոց ցեղասպանության համար:

«Ռադիկալ» թերթի թղթակից Էրեն Քեսքինն, օրինակ, ասում է, որ որեւէ մեկից առաջ Թուրքիան ներողություն պետք է խնդրի հայերիցՙ նրանց 1915-ին պատուհասած ցեղասպանության համար: Նա նաեւ ակադեմիական շրջանակներում հետազոտություններ կատարելով մի շարք այլ իրադարձություններ է նշում, որոնց համար Թուրքիան պարտավոր է ներողություն խնդրել: Դոկտ. Մուրադ Փաքերն, օրինակ, նշել է Դիարբեքիրի բանտում 5 հազար կալանավորվածների կտտանքների ենթարկելու պարագան: Մեկ ուրիշ պրոֆեսոր հիշեցրել է Մարաշի եւ Չորումի կոտորածների դեպքերը: Իսկ Ռիֆաթ Բալին առաջ է քաշել Թրակիայի հրեաների սնանկացման (ինչքերի առգրավման հետեւանքովՙ 1934 թվին) եւ ոչ մահմեդական քաղաքացիներից 1941-ին ունեւորության հարկ գանձելու պարագաները: Վերջինի հետեւանքով մեծ թվով մարդիկ մահացան հարկադիր աշխատանքային գաղութներում: Ինչ վերաբերում է հայերին, Քեսքինը պնդում է, որ սոսկ ներողությունը բավական չէ, հայերին նաեւ պետք է փոխհատուցում տրվի իրենց կորուստների դիմաց:

Թուրքիայի «Մարդու իրավունքների կոմիտեն» հաղորդագրություն է հրապարակել, որով առաջարկում է կազմել «Ճշմարտության բացահայտման կոմիտե»ՙ քննարկելու համար Հայոց ցեղասպանության եւ քուրդ բնակչության բռնի ձուլման երեւույթները:

Բայց ամենակտրուկ եւ սուր հարցապնդումները «Սաբահ» թերթում սյունակագիր Էնգին Արդըչն է առաջ քաշումՙ տեղեկացնելով, որ իրավաբաններն արդեն իսկ Դերսիմի հարցով զբաղվում են եւ ծրագրում են դատի տալ թուրքական պետությանը:

Հայկական հարցին անդրադառնալովՙ նա նշում է, որ այդտեղ «լռության դավադրություն» գոյություն ունի, հատկապես հարուստների շրջանում: «Եթե նրանց անցյալը փորփրենք, կտեսնենք, որ նրանք են սպանել հայերին եւ տիրել նրանց ունեցվածքին: Եթե գործը բացվի, դրամական փոխհատուցման հարց է առաջ գալու, եւ նրանք մտածում են, թե ինչպե՞ս կարող է կառավարությունը փոխհատուցել հայերին այն բանից հետո, երբ արդեն 200 միլիարդ դոլար է ծախսելՙ ճնշելու քրդական ապստամբությունը: Բայց կա նաեւ մի հիմնական հարց. արդյոք կառավարությունը ունի՞ հետեւողական լինելու սկզբունքը: Եթե «այո», ապա ինչո՞ւ դուրս թողնել 1915-ը, իսկ եթե «ոչ», ապա ինչո՞ւ ներողություն խնդրել Դերսիմի իրադարձությունների համար»:

Այս հարցերը մեզ առաջնորդում են դեպի այն փաստը, որ երկիրը եվրոպականացնելու քողի ներքո Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը իրականացրեց նացիստների ռասիստական քաղաքականությունը, ինչպես բնութագրում է վերոնշյալ հեղինակը: Այդ պետական քաղաքականությունը կենսագործելու համար նա համագործակցեց բոլոր կառավարական պաշտոնյաների հետ, որոնք իրագործել էին Հայոց ցեղասպանության իթթիհատականների ծրագիրը:

Սուլթան Աբդուլ Համիդից մինչեւ Թալեաթ ցեղասպանական այդ ծրագրերը իրականացվեցին անողոքաբար, առանց խղճի խայթի որեւէ նշույլի: Աթաթուրքը շարունակեց գործը մեծ պետությունների քթի տակ, որոնք հիմա էլ պնդում են, որ Թուրքիան «մեր վստահելի գործընկերն է», անկախ այն հանգամանքից, թե ինչքան արյունոտ են այդ «գործընկերոջ» ձեռքերը:
Ցեղասպանության հարցը թեժ թեմա է դարձել թուրք հասարակության շրջանում: Ավելի թեժ, քան հայերն ակնկալում էին: Եթե Թուրքիան ընթանա ինքնամաքրման այս ճանապարհով, գուցե հերթը հասնի նաեւ Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելուն: Էրդողանը, գուցե ոչ դիտավորյալ, բացեց Պանդորայի արկղը: Տեսնենք, թե ինչ է դուրս գալու դրա միջից:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

No comments: