Tuesday, December 6, 2011

ԿԵՑՑԵ՞ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

Քննարկվում է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը

«ԱԶԳ», 06-12-2011- Ժամանակ առաջ ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել էին Ռամիլ Սաֆարովի ծննդյան տարեդարձին: Հիշեցնենք, որ խոսքը հայ սպային կացնահարած եւ հունգարական արդարադատության կողմից ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի հանցագործի մասին է: Նման անձնավորության վերաբերյալ հիմնականում դրական, եթե ավելին չասվի, հրապարակումներն, ինչ խոսք, վկայում են ադրբեջանական հասարակության մեջ դեռեւս գերակաՙ քարեդարյան մտածողության մասին: Այն էՙ «եթե Սաֆարովը հայ է սպանել, ապա մեղավոր չէ»:
Ավելին, թե՛ գործի նախաքննության, թե՛ դատավարության ընթացքում ադրբեջանական կողմը Սաֆարովին պետականորեն ապահովել է պաշտպանությամբ, իսկ հասարակությունըՙ նրան գրեթե հերոսացրել: Ինչպես ասում ենՙ «ճաշակին ընկեր չկա»: Հարեւան երկրում նույն բութ համառությամբ «ազնվացնում են» նաեւ Սումգայիթի եւ Բաքվի ջարդարարներին, բոլորին, ում ձեռքը թաթախված է անմեղ հայ մարդկանց արյամբ:
Կարելի է, իհարկե, կրկնել հայ մտավորականությանը յուրահատուկ հումանիզմն ու ասել, որ դրանով իսկ Ադրբեջանը փչացնում է ինքն իրեն: Որ ազատ եւ մարդկային չի կարող լինել այն հասարակությունը, որ արդարացնում է բռնությունը եւ այլն: Բայց, ցավոք, դրանք միայն գեղեցիկ բառեր են: Իրականում թերեւս հարկ է լիովին գիտակցել, որ հայատյացությունն Ադրբեջանում եղել եւ շարունակում է մնալ որպես «ազգային գաղափարախոսություն»ՙ իր բոլոր դրսեւորումներով: Դա է այդ պետության բնույթը եւ միաժամանակՙ գոյության հնարավորությունը. եթե այսօր ադրբեջանական պետության գաղափարախոսությունից հանվի հայատյացությունը, ապա համակարգն ինքնին կփլուզվի:
Դա գիտակցում են առաջին հերթին իշխանությունները: Եվ ամեն ինչ անում են, որ պետական համակարգի «մոնոլիտը» ճեղք չտա: Այս իմաստով բավական ուշագրավ էր ադրբեջանական մամուլում տեղ գտած մի հակիրճ տեղեկատվություն. փոխարտգործնախարար Խալափ Խալափովը վերջերս գտնվել է Հունգարիայում, որտեղ «քննարկվել է Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հնարավորության հարցը»:
Լրագրողների համար արված պարզաբանմամբ Խալափովը հաստատել է լուրը եւ ավելացրել, որ «Հունգարիան եւ Ադրբեջանը իրավաբանական օգնության մասին ԵԽ կոնվենցիայի անդամներ են, եւ հարցը բարձրացվելու դեպքում այն կքննարկվի հունգարական կողմից»: Շատ զգուշորեն արված այս մեկնաբանությունից կարելի է ենթադրել, որ, այո, Ադրբեջանը Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու հարցով կարող է դիմել Հունգարիային:
Թերեւս, Խալափովն արդեն իսկ, ինչպես ասում են, հետագա քայլերի համար «հող է շոշափել». Հունգարիան ադրբեջանական նավթի սպառողների շարքում բավական ազդեցիկ տեղ ունի: Ավելի վաղ նույնիսկ շրջանառվել է տեղեկատվություն, որ «Ադրբեջանը պատրաստվում է հունգարական նավթավերամշակման ոլորտում խոշոր ներդրումներ անել»:
Իսկ որտեղ ադրբեջանական նավթն ու դրանից ստացվող կապիտալը մուտք ունեն, այնտեղ պարտադիր նաեւ քաղաքական բնույթի խնդիրներ են քննարկվում: Ակնհայտ է, որ Ռամիլ Սաֆարովի խնդիրն Իլհամ Ալիեւի համար «պատվի գործ է», եւ նա ամեն ջանք թափելու է, որ «նա պատիժը կրի հայրենիքում»: Միջազգային պրակտիկայում, ինչ խոսք, լինում են դեպքեր, երբ հանցագործներն էքստրադիցիայի են ենթարկվում եւ շարունակում պատիժը կրել այն երկրում, որի քաղաքացին են:
Բայց այս դեպքում, երբ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում համարում են «խղճի կալանավոր» եւ «անարդարության զոհ», գրեթե բացառված է, որ նա հայրենիքում շարունակի կրել ցմահ բանտարկության պատիժը: Ավելի քան ակնհայտ է, որ էքստրադիցիան, եթե տեղի ունենա, հավասարազոր կլինի Ռամիլ Սաֆարովի «արդարացմանը»:
Այս պարագայում, անշուշտ, հայ հասարակության եւ իշխանությունների խնդիրն է ամեն ինչ անել, որ Ադրբեջանի կանխածրագրած գործարքը չկայանա: Իսկ հունգարական կողմն էլ պարտավոր է հաշվի առնել իր հնարավոր քայլի հետեւանքները: Այն, որ դրանով մեծ հարված կհասցվի ղարաբաղյան կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերին: Քանի որ ի՞նչ հավատ կարող է ունենալ հայկական կողմը միջնորդների հավաստիացումների հանդեպ, եթե եվրոպական մի երկիր, տուրք տալով տնտեսական կոնյունկտուրային, հանկարծ որոշի բավարարել Ադրբեջանի «ազգային արժանապատվության» հայցը: Չի կարելի ասել. «Կեցցե մարդասպանը»: Մարդասպանին պիտի միայն նզովել:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: