Tuesday, December 6, 2011

Կկրկնի՞ արդյոք Հայաստանը Եվրոպայի ճակատագրական սխալը

Այն, որ եվրաինտեգրումը Հայաստանի համար այլընտրանք չունի, բազմիցս է հայտարարվել Հայաստանի Հանրապետության տարբեր կալիբրի պաշտոնյաների կողմից: Եվրոպական երկիր դառնալու, եվրոպական կյանքով ապրելու ձգտումը /երևի, սեփականի բացակայության կամ անտանելի լինելու պատճառով/ առավել ակնհայտ է դրսևորվում վերջին տարիներին:
Եվրոստանդարտներով սնվող, սովորող, ամուսնացող ու ամուսնալուծվող և էլի շատ բաներ այդ չափանիշներով անող հայաստանցիները, կարծես թե, հիմնականում այնքան էլ դեմ չեն եվրոպացու պես ապրելուն: Եթե աշխատանք էլ լիներ՝ եվրոպական աշխատավարձով՝ առավել ևս դեմ չեն: Բայց, ցավոք, հայաստանցիներից շատերը չգիտեն, որ իրենք՝ եվրոպացիները, խորը ճգնաժամի մեջ են, բայց ոչ թե տնտեսական ճգնաժամի, այլ ավելի խորը՝ հոգևոր: Եվ դա սպառնում է նաև Հայաստանին:
Խոսքն ահա թե ինչի մասին է. քաղաքացիական հասարակությունը, որն իր այսօրվա տեսքով ձևավորվել է Եվրոպայում, հիմնվում է քաղաքացու կերպարի վրա: Եվրոպական հասարակությունների հիմքում քաղաքացին է՝ իրավունքներով և պարտականություններով օժտված մարդը: Ուշադիր ընթերցողը նկատեց, որ եվրոպական հասարակությունները խարսխված են մարդու միայն մեկ դրսևորման, կամ ասպեկտի վրա՝ քաղաքացիականի: Մնացածները՝ կրոնականը, սեռականը, ազգայինը և այլն, երրորդական նշանակության երևույթներ են, որոնք, ըստ լիբերալ եվրոպացիների, պետք չէ շեշտել, նկատել, մեր լեզվով ասած՝ բանի տեղ դնել: Բայց չէ՞ որ դրանք են ամբողջացնում մարդու կերպարը:
Եվ ահա այստեղ տեղի ունեցավ ճակատագրական հետևյալ սխալը. եվրոպական մտածելակերպում նույնացվեց քաղաքացին /մասը/ մարդու /ամբողջի/ հետ: Առաջնահերթ դա դրսևորվեց նրանում, որ նույնացվեցին մարդու և քաղաքացու իրավունքները: Բայց խնդիրն այն է, որ որքան էլ զարմանալի է, մարդ իրավունքներ չունի: Ընդհանրապես: Ոչ մի մարդ ոչ մի իրավունք չունի: Որովհետև իրավունքներ ունեցող մարդն արդեն քաղաքացին է: Բոլոր իրավունքները քաղաքացու իրավունքներն են, այլ ոչ թե մարդու: Որովհետև քաղաքացուն իրավունքներ է տալիս պետությունը, իսկ մարդու՞ն... Ճակատագիրը, Աստված, թե ո՞վ... Հայտնի չէ:
Միակ կառույցը, որից կարող ես իրավունքներ պահանջել որոշ պարտականությունների դիմաց՝ պետությունն է: Ուրեմն, մարդ իրավունքներ չունի, եւ ունի, եթե որևէ երկրի քաղաքացի է: Մարդու և քաղաքացու իրավունքների սխալ ընկալումը և նույնացումը բերում է նրան, որ, օրինակ, կրոնական ինչ-ինչ կազմակերպությունների ներկայացուցիչներ, լինելով ՀՀ քաղաքացիներ, գնում են զինվորական այլընտրանքային ծառայության՝ զուտ իրենց կրոնական /նայեք վերև՝ երրորդական նշանակության գործոնի/ պատճառով: Ինչ-որ կրոնին պատկանելը քաղաքացու կերպարում որևէ նշանակություն չի խաղում, չի բնորոշում նրան որպես քաղաքացի, հետևաբար չի կարող ազդել նրա քաղաքացիական իրավունքների և պարտականությունների վրա:
Այն, որ մեր երկրում գործում է նման մի օրենք, նշանակում է, որ եվրոինտեգրման ճանապարհին մենք կորցրել ենք զգոնությունը և գնում ենք այն ճանապարհով, որով անցել է Եվրոպան և հիմա չի կարողանում դուրս գալ այդ փակուղուց, որովհետև արդեն մարդուն տվել է իրավունքներ, որոնք նրան չեն պատկանում, և այժմ չի կարողանում սահմանափակել այդ իրավունքները: Ի՞նչ իրավունքներ կարող է ունենալ Ֆրանսիայում կամ եվրոպական որևէ այլ երկրում ապրող աֆրիկացին կամ արաբը, ով քաղաքացի չէ: Բնականաբար, ոչ մի: Բայց զգոնությունը կորցրած եվրոպացի-քաղաքացիներն այսօր տառապում են ոչ եվրոպացի-ոչ քաղաքացիների ներկայությունից, որովհետև Եվրոպայում «բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները»:
Ցավոք, այդ իրավիճակը սպառնում է նաև Հայաստանին: Ոչ թե այն իմաստով, որ այստեղ էլ կգան աֆրիկացիներ կամ արաբներ, այլ այն իմաստով, որ եթե մենք հստակ չտարբերենք քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները և հեռու չմնանք դրանք մարդուն վերագրելուց, ապա կունենանք մի իրավիճակ, որ աղանդավորներն ու համասեռամոլներն իրավունք կստանան զինվորական ծառայության չգնալու, ամուսնանալու և երեխա ունենալու իրավունք կստանան 15 և ավելի ցածր տարիքի քաղաքացիները /այն պատրվակով, որ «մարդ են, չէ՞/, և այլն:
Ինչպես եվրոպացիները քաղաքացի ձեռք բերելու ճանապարհին կորցնում են Մարդուն, այնպես էլ մենք եվրոմոդելով ապրելու ձգտման մեջ կարող ենք կորցնել Հային: Դա նշանակում է, որ այլևս չի լինի հայ ազգային խնդիրների մասին մտածողը, որովհետև... որովհետև կստացվի, որ քաղաքացին պարտավոր չէ մտածել իր նախնիների, պատմական արդարության վերականգնման, սերունդների հայեցի դաստիարակության մասին և այլն:
Իրոք, քաղաքացու պարտականությունների մեջ դա չի մտնում: Դրանց մասին մտածել պարտադրող օրենք չկա: Օրենք չկա նաև հարևանին օգնելու, փողոցում ընկած մարդուն առաջին օգնություն ցուցաբերելու, անծանոթի ոտքը տրորելու դեպքում՝ ներողություն խնդրելու, ինչպես նաև երբեմն ամոթի զգացում ունենալու մասին:
Մովսես Դեմիրճյան

No comments: