Tuesday, December 6, 2011

Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը հակասում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշմանը. Արամ Ա

Tert.am. 5-12-2011- Ֆրանսիայի վարչապետի ներկայացուցիչ Ադրիեն Կութեյրոն այսօր Լիբանանում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին–ի հետ։
Ինչպես նշվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, Կութեյրոն Եգիպտոս, ապա նաև Լիբանան էր այցելել՝ այդ երկրներում տեղի ունեցող իրադարձություններին ավելի մոտիկից ծանոթանալու և դրանց առնչությամբ քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների կարծիքը լսելու համար։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Ֆրանսիայի արտգործնախարարի՝ վերջերս Թուրքիա կատարած այցի ժամանակ արած այն հայտարարությանը, թե «Ֆրանսիան պատրաստ է հայերից և թուրքերից բաղկացած հանձնախումբ հյուրընկալել՝ 1915թ. պատահած ցավալի իրադարձությունները քննելու համար»:
Վեհափառը վարչապետի ներկայացուցչին ասել է, թե նախարարի այդ հայտարարությունը մեծ վրդովմունք է առաջացրել հայ ժողովրդի շրջանում. «Ինչպես է պատահում, որ Ֆրանսայի խորհրդարանը և Ֆրանսիայի վերջին երեք նախագահները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Ֆրանսիայի նախագահը վերջերս Հայաստանում իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության առնչությամբ, նույն երկրի նախարարը, սակայն, բոլորովին հակառակ հայտարարությունն է անում Թուրքիայում»,- ասել է Արամ Ա. Կաթողիկոսը:
Վարչապետին ներկայացուցիչը Վեհափառի խոսքերին ի պատասխան նշել է, թե ինքն ակնկալում էր այդ հարցի արծարծումը, ապա հավելել, որ, ճիշտ է, Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն մյուս կողմից չի կարող անտեսել Թուրքիայի դերը տարածաշրջանում և Եվրոպայի հետ նրա հարաբերությունները։
Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպման ընթացքում ընդգծել է Ցեղասպանության ճանաչման և հատուցման անհրաժեշտությունը։
Հանդիպումից հետո Կութեյրոն այցելել է Լիբանանի Նահատակաց հուշարձան և իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակին։

No comments: