Tuesday, December 6, 2011

Հայաստանը ամուր ժողովրդավարական հիմքեր ունեցող երկիր չէ. ԵՄ փորձագետ

Zham.am. 6-12- 2011- «Եվրոպական միության ջանքերը խոսքի ազատության ամրապնդման ոլորտում» համաժողովի մասնակից, ԵՄ փորձագետ, Ժան Մուլեն Լիոն և Ֆրանսիական համալսարանի հանրային իրավունքի ավագ դասախոս Լորան Էկը կարծում են, որ Հայաստանում խոսքի ազատությունն աստիճանաբար ընդլայնվում է: Այս գործում փորձագետը բարձր գնահատեց ինչպես տեղի իշխանությունների, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձի կիրառումը:
Լորան Էկը նկատեց, որ այն դեռևս Հայաստանում «շատ փխրուն է», այդ իսկ պատճառով կոչ արեց մշտապես զգոնություն պահպանել: «Բայց պետք է ասել, որ խոսքի ազատությունը Հայաստանում շատ փխրուն է, ուստիև պետք է մշտական զգոնություն պահպանել: Նույնիսկ ժողովրդավարական մեծ ավանդույթ ունեցող երկրներում խոսքի ազատությունը կարող է վտանգվել»,- նկատեց նա` հավելելով, որ խոսքի ազատությունը բոլոր հիմնարար ազատությունների մեջ ամենահիմնականներից է: Լորան Էկը նաև ոգևորված էր համաժողովին մեծ թվով հայ երիտասարդների մասնակցությամբ` նկատելով, որ նրանք են վաղը ապահովելու խոսքի ազատությունը:

Համաժողովի մյուս բանախոս Ալեքսանդր Մարտինետին իր հերթին ևս նկատեց, որ Հայաստանում խոսքի ազատությունն իսկապես փխրուն հիմքերի վրա է. «Հայաստանն, անշուշտ, ամուր ժողովրդավարական հիմքեր ունեցող երկիր չէ, որովհետև նրա անկախությունն ընդամենը 20 տարվա պատմություն ունի: Սակայն հայաստանյան իշխանությունները աստիճանաբար, միջազգային կառույցների հետ սերտ համագործակցության արդյունքում համապատասխան օրենսդրություն են ներդնում երկրում: Բայց կրկնում եմ` խոսքի ազատությունը փխրուն է, և անգամ Ֆրանսիան չի կարողանում խուսափել որոշակի շեղումներից: Այնպես որ` մենք այստեղ դաս տվողներ չենք»,- նկատեց նա:

Նշենք, որ քննարկմանը ներկա էին համալսարանի դասախոսական կազմն ու ուսանողները: Քննարկման բանախոսները կարևորեցին նման միջոցառումների կազմակերպումը և հույս հայտնեցին, որ այն կտա դրական արդյունքներ ու շարունակական կլինի:

No comments: