Wednesday, July 11, 2012

Նեմեց Ռուբոն ու 44 «ավազակները»

«Լրագիր» 10-7-2012- ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժել է Ժառանգություն, Դաշնակցություն, Կոնգրես եւ Բարգավաճ Հայաստան խմբակցությունների դիմումը՝ հանդիպում կազմակերպել Հարսնաքարի հանցագործությունը քննող իրավապահ մարմինների պատասխանատուների հետ: Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ինքը չունի այդպիսի իրավասություն: Աբրահամյանը շատ ճիշտ է արել, անկախ այն բանից՝ ունի՞ այդպիսի իրավասություն, թե ոչ: Երբ Ազգային Ժողովում քննարկվում էր կառավարության գործունեության ծրագիրը, ընդդիմությունը օրեր շարունակ հպարտանում էր ծրագրի դեմ քվեարկած 47 ձայնով, հայտարարում էին, թե ահա տեսեք, թե ինչեր ենք անում Ազգային Ժողովում, եւ դեռ ինչեր ենք անելու: Դե արեք: Հիմա ժամանակն է, դե արեք, ու հասարակությունը տեսնի, թե չորս խմբակցություններից բաղկացած ընդդիմությունը՝ կամ երեք ընդդիմությունն ու մի այլընտրանքը ինչեր են անելու Ազգային Ժողովում: Ինչեր անելու ունակ խմբակցությունները ոչ թե Հովիկ Աբրահամյանին են դիմում հանդիպում կազմակերպելու նամակով կամ առաջարկով, այլ նախաձեռնում են արտահերթ նստաշրջան, որի համար ընդամենն անհրաժեշտ է 44 ստորագրություն: Առավել եւս, որ ներկայում այդ նստաշրջանը պետք է Ռուբեն Հայրապետյանին ու մանդատը միմյանցից օր առաջ բաժանելու համար, քանի Սամվել Ալեքսանյանը մինչեւ սեպտեմբեր նրան չի համոզել հետ վերցնել դիմումը եւ բանը վերջացնել ներողությունով: Հիշեցնեմ, որ կառավարության ծրագրին դեմ էր քվեարկել 47 պատգամավոր, ընդդիմությանը տալով անասելի հպարտության առիթ: Ու՞ր են այդ պատգամավորները հիմա: Ինչու՞ չի հավաքվում արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրությունը: Ո՞վ չի ստորագրում: Ինչի՞ համար չի ստորագրում: ՀՅԴ-ն ստորագրու՞մ է, Ժառանգությունը ստորագրու՞մ է: Կոնգրեսը ստորագրու՞մ է, Բարգավաճ Հայաստանը ստորագրու՞մ է: Արձակու՞րդ են գնացել պատգամավորները: Իսկ ու՞մ է դա հետաքրքրում: Հասարակությանը պետք է որ չհետաքրքրի, որովհետեւ հասարակությանն ասել եք՝ “տեսեք դեռ ինչեր ենք անելու”: Հասարակությունը հիմա ուզում է տեսնել, առավել եւս, որ կա ցույց տալու լուրջ, ծանրակշիռ առիթ, կա հանրային մեծ պահանջարկ: Ո՞վ է խանգարում դա անել: Ինչու՞ է խանգարում: Ինչու՞ էր օգնում կառավարության ծրագրի ժամանակ, ինչու՞ չի անում նույնը հիմա: Արեք, կամ հստակ բացատրեք, թե ինչու՞ չի արվում, ու՞մ պատճառով չի արվում: Այլապես պարզ է, որ Հովիկ Աբրահամյանը Ռուբեն Հայրապետյանին է պահելու, ոչ թե ընդդիմությանը: Ուրի՞շ ով է պահում Ռուբեն Հայրապետյանին: Կամ ուրի՞շ ում են պահում, Ռուբեն Հայրապետյանից բացի, որ կարող է հանկարծ դուրս լողալ խորհրդարանական քննարկումների ընթացքում: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: