Wednesday, July 11, 2012

CNN-ի հակահայ քարոզչության դեմ ակցիա է սկսվել

HayNews.am./ 10-7-2012- Ամերիկայի հայկական համագումարն էլեկտրոնային արշավ է նախաձեռնել CNN հեռուստաընկերության դեմ՝ կոչ անելով կասեցնել հակահայ բովանդակությամբ սյուժեի հեռարձակումը։ Այսօրվանից սկսած 4 օրվա ընթացքում CNN-ի «Աշխարհայացք» ծրագիրը ցուցադրելու է ադրբեջանցի լրագրող Չենգիզ Մուսթաֆաևի հաղորդումը 1992թ. տեղի ունեցած Խոջալուի ողբերգության մասին: Հաղորդման մեջ փորձ է արվելու հերթական անգամ Ադրբեջանի ղեկավարության կեղծ վարկածը ներկայացնել իբրև եղելություն, իսկ հայերին իբրև չարագործներ: Այսպիսով, Ադրբեջանի կառավարությունը փորձում է օգտագործել նաև CNN-ը միջազգային ասպարեզում իր հակահայկական քարոզչության համար: Ամերիկայի հայկական համագումարը բոլորին կոչ է անում աջակցել՝ կասեցնելու այս հերթական հակահայկական նախաձեռնությունը: Ձեր ձայնը CNN–ին լսելի դարձնելու համար հարկավոր է այցելել այստեղ` http://capwiz.com/aaainc/issues/alert/?alertid=16213506 և կայքում տեղակայված նամակն ուղարկել CNN-ի ղեկավարությանը: Ստորև ներկայացնում ենք նամակի հայերեն թարգմանությունը։ «Հարգելի պարոն Դեյվիս և CNN International–ի «Աշխարհայացք» հաղորդման ղեկավարներ. Սույնով տեղեկացնում եմ, որ լրջորեն մտահոգված եմ Ադրբեջանում պատրաստված մի հաղորդման առնչությամբ, որը պետք է հեռարձակվի CNN International-ի «Աշխարհայացք» ծրագրում։ Ադրբեջանցի լրագրող Չենգիզ Մուստաֆաևի հաղորդումը հայերին վարկաբեկելու ակնհայտ փորձ է, որը 1991-1994թթ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ տեղի ունեցած Խոջալուի դեպքերը ներկայացնում է Ադրբեջանի իշխանական վարկածով։ Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի կառավարության տարբերակը սխալ է և չի համապատասխանում իրականությանը։ «Չափազանց մտահոգված եմ, որ CNN–ն իր կամքից անկախ որպես հարթակ է օգտագործվելու Ադրբեջանի հակահայկական քարոզչության և ապատեղեկատվության հետագա տարածման համար։ Այդ պատճառով հորդորում եմ Ձեզ չեղյալ համարել այդ հաղորդման հեռարձակումը»։

No comments: