Wednesday, July 11, 2012

Թուրքիայի ու Ֆրանսիայի համագործակցությունը բացառվում է. Հրանտ Մելիք Շահնազարյան

HayNews.am. 11-7-2012- Թուրքիան թե տնտեսական, թե քաղաքական կախվածության մեջ է Եվրոպայից: Մեզ համար կարևորը սա է, այլ ոչ թե այն, թե նոր նախագահի օրոք կընդունվի արդյոք Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացվող օրինագիծը, թե` ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը: «Հայկական հարցը միշտ կշահարկվի Թուրքիայի դեմ, ինչի արդյունքում նրա դիրքերը տարածաշրջանում չի կարող տիրապետող լինել»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ընդունվող նոր բանաձևը որոշակի փոփոխություններով կլինի՝ պայմանավորված նախորդ օրինագծի մերժմամբ: Իր հերթին ասուլիսին ներկա թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշեց, որ եթե այդ օրինագիծը երկրորդ անգամ մերժվի, Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը դրանից չի բարձրանա. «Կարծում եմ, որ Ֆրանսիան այս անգամ կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծը: Պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան և Թուրքիան տարբեր դիրքեր ունեցող պետություններ են ու թուրքերն էլ գիտեն, որ Ֆրանսիայի վրա ազդելու իրենց հնարավորությունները քիչ են»: Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ` Թուրքիան բավական մեծ հույսեր ունի ձերբազատվելու հայկական հարցից, բայց, քաղաքագետի խոսքով, վերջինս տեսնելով, որ դրան պատրաստ չէ արևմուտքը, առաջ բերեց Ադրբեջանի գործոնը, որը, ըստ նրա, հանդես է գալիս, որպես թուրքական քաղաքականության կցորդ: Հրանտ Մելիք Շահնազարյանը նաև շեշտեց, որ Ֆրանսիայի նման հայանպաստ քայլերը, ամենևին, Հայաստանի հանդեպ ունեցած սիրուց չեն դրսևորվում. «Սա բխում է Ֆրանսիայի հետապնդող քաղաքական ու տնտեսական շահերից: Չնայած, այս շիլաշփոթ իրավիճակում, թուրքիայի ու Ֆրանսիայի համագործակցությունը բացառվում է»:

No comments: