Saturday, July 14, 2012

«Ոսկե ծիրան» . Աբդռաշիտովը, Շենգելայան և Գազդան արժանացել են «Ոսկե մեդալների»

Panorama.am. 13-7-2012- «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրեր Վադիմ Աբդռաշիտովը, Էլդար Շենգելայան և Յանուշ Գազդան այսօր արժանացել են ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալների»: Մեդալները հանձնվել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից: Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից` Վադիմ Աբդռաշիտովին ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը շնորհվել է Միջազգային կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Նշենք, որ Աբդռաշիտովի «Պարողի ժամանակը» լիամետրաժ խաղարկայինն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան»-ի Երևանյան պրեմիերաներ ծրագրում: Աբդռաշիտովը ռուսական կինոյի ամենից անկախ ռեժիսորներից է, միջազգային ճանաչման է հասել Բեռլինի (Ալֆրեդ Բաուերի մրցանակ` “Սպասավորը”, 1989, ‎”Արծաթե արջ”` “Պիես ուղևորի համար” ֆիլմերին, 1995) և Վենետիկի (Ոսկե մեդալ` “Պլյումբում կամ վտանգավոր խաղ” ֆիլմին, 1987) ՄԿՓ-երի մրցանակների շնորհիվ: Վրաց հռչակավոր կինոռեժիսոր Էլդար Շենգելայային շնորհվել է Ոսկե մեդալ Կինոարվեստի ասպարեզում հայ-վրացական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի Շենգելայային շնորհել է «Փարաջանովյան թալեր» մրցանակ համաշխարհային կինոյում վաստակի համար, իսկ նրա լավագույն ֆիլմերը ներկայացված են փառատոնի «Ռետրոսպեկտիվ» ծրագրի շրջանականերում: Լեհ անվանի կինոքննադատ, գրող Յանուշ Գազդային Ոսկե մեդալը շնորհվել Կինոարվեստի ասպարեզում հայ-լեհական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Նշենք, որ Գազդան այս տարի փառատոնի Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի անդամ է: Յանուշ Գազդան 1964-ին հիմնել և տասը տարի ղեկավարել է կինոմիության «Kultura filmowa» (Կինոմշակույթ), հետագայում` «Film na swiecie» (Համաշխարհային կինո) հանդեսը: Եղել է «Ekran» շաբաթահանդեսի համախմբագիրը (1965-73) և Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի հրատարակած «Kwartalnik filmowy» (Կինոեռամսյակ) հանդեսի գլխավոր խմբագիրը (1989-97): Բազմաթիվ հոդվածներ է գրել Սերգեյ Փարաջանովի կյանքի և ֆիլմերի մասին:

No comments: