Saturday, July 14, 2012

Ջավախահայերը պատրաստ են ժամանակավոր ապաստան տրամադրել սիրիահայ փախստականներին

Tert.am. 13-7-2012-Ջավախահայ համայնքը հայտարարություն է տարածել` պատրաստակամություն հայտնելով Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվող բախումների պատճառով դժվարին կացության մեջ հայտնված սիրիահայերին աջակցություն տրամադրելու համար: Նրանք նշել են, որ Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ` չնայած երկրի մեծ քաղաքները հիմնականում գտնվում է սիրիական կառավարության ուժերի վերահսկողության տակ: «Դժվար է կանխորոշել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում, սակայն եթե հավատանք տարածվող տեղեկություններին, սիրիահայ համայնքի վիճակն այնտեղ բավական վտանգավոր և ծանր է»,- ասված է հայտարարության մեջ: Նրանք տեղեկացրել են, որ իրենց հասարակական կազմակերպությունը ստանում է բազմաթիվ նամակներ, որտեղ ջավախահայերը նշում են, որ մտահոգված են Սիրիայում առկա իրավիճակով: «Ջավախքցիները չեն կարող անտարբեր մնալ հայ համայնքի նկատմամբ և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ապաստան տրամադրել իրենց երկրամասում: Մենք դիմում ենք Վրաստանի իշխանություններին և ժողովրդին` խնդրանքով, որ անհրաժեշտության դեպքում Սամցխե-Ջավախքում ժամանակավոր ապաստան տան հայ փախստականներին: Խնդրում ենք քննարկել նյութական աջակցություն ցույց տալու հնարավորությունը: Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին` խնդրանքով, որ պատրաստ լինեն սիրիահայ փախստականների հարկադիր տարհանմանը և Ջավախքում տեղավորվելուն: Խնդրում ենք նաև նախապես փնտրել հնարավորություններ` վրացական իշխանությունների հետ հնարավոր խնդիրներից խուսափելու համար` այդ թվում սահմանը հատելու ընթացքում»,-հայտարարել են ջավախահայերը: Տարածած հաղորդագրության մեջ նրանք նաև հիշեցրել են հայ և վրացի ժողովուրդների բարեկամության մասին: Որպես ասվածի վերջին ապացույց` նրանք հիշեցրել են, որ «օգոստոսյան պատերազմի» ընթացքում ջավախահայերն առանց երկմտելու իրենց ընտանիքներում ընդունեցին Հյուսիսային Օսիայի և Աբխազիայի փախստականներին:

No comments: