Tuesday, July 10, 2012

Իլհամ Ալիևը հաստատել է կոռուպցիայի համար նպաստավոր օրենքը

1in.am. 10-7-2012- Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հաստատել է դեռևս հունիսի 12-ին խորհրդարանի կողմից «Կոմերցիոն գաղտնիքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Ըստ այդ ուղղումների՝ այսուհետ կոմերցիոն գաղտնիքի տակ են ընկնում կոմերցիոն իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) և կանոնադրական կապիտալում նրանց մասնաբաժնի մասին տեղեկությունները: Այս ուղղումը հարուցել էր տեղի ու միջազգային փորձագետների քննադատությունը, որոնք կարծում են, որ հասարակությունից ընկերությունների սեփականատերերի մասին տեղեկությունների քողարկումը նվազեցնում է թափանցիկությունը և պայմաններ է ստեղծում կոռուպցիայի համար: Սրանից առաջ էլ Ալիևը հաստատել էր «Տեղեկատվության ստացման մասին» օրենքի ուղղումները, որոնցով սահմանափակվում էր տեղեկատվության ստացումը, ինչը վերաբերում էր նաև տնտեսական ու ֆինանսական բնույթի տեղեկատվությանը: Այս երկու ուղղումները մշակվեցին այն բանից հետո, ինչ լրագրողական հետաքննությունը պարզեց, որ իշխանական ընտրանուն պատկանող մի շարք ընկերություններ արտոնյալ դիրք են զբաղեցնում երկրի տնտեսության մեջ:

No comments: