Wednesday, July 11, 2012

Նախագահի եղբայրն ու «ախպերները»

«Լրագիր» 11-7-2012- Մոսկովսկի Կոմսոմոլեց թերթը հաղորդում է, որ Հարավային Կորեայում ձերբակալվել է այդ երկրի նախագահի եղբայրը՝ Լի Սան Դըքը: Նրան մեղադրում են կաշառառության մեջ: Ըստ մեղադրանքի, նախագահի եղբորը կաշառել են բանկերը, որպեսզի քիչ տուգանվեն ստուգումների ժամանակ: Կարո՞ղ ենք արդյոք այդօրինակ որեւէ բան պատկերացնել Հայաստանում, որ դատախազությունը կամ ոստիկանությունը նախագահի եղբայր ձերբակալի կաշառակերության կամ որեւէ այլ հանցանքի կասկածանքով: Հայաստանում եղբայրներ չեն, Հայաստանում «ախպերներ» են, իսկ հարազատության աստիճանն էլ որոշվում է ոչ թե զուտ արյունով, այլ ասենք համատեղ արժեքներով, համատեղ գործած հանցանքներով, համատեղ անցկացրած քեֆերով, համատեղ ձեւավորած ընտանիքներով, երբ բոլորը բոլորի հետ դառնում են խնամիներ եւ ամրացնում «ախպերությունը»: Արդյունքն այն է, որ Հայաստանում իրավապահ համակարգը ոչ թե գործում է նախագահի եղբոր կամ «ախպերների» հանցանքները բացահայտելու, այլ դրանք հնարավորինս արագ հերքելու, հնարավորինս հեռու վանելու ուղղությամբ, եթե իհարկե հանցանքը գործվել է ոչ թե իշխող համակարգի, այլ հանրության եւ պետության հանդեպ: Դրա համար էլ աշխարհում գոյություն ունի հարավկորեական հրաշք, երբ այդ երկիրը ծանր տնտեսական կացությունից, կաշառակերության եւ կոռուպցիայի բարձր մակարդակից հետո սրընթաց փոփոխություն արձանագրեց եւ ներկայում հանդիսանում է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը, ունի հզոր տնտեսություն, աշխարհին տվել է բազմաթիվ հայտնի ապրանքանիշեր, հանդիսանում է աշխատանքի, կարգապահության, օրինապահության եւ նվիրումի խորհրդանիշերից մեկը: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: