Wednesday, July 11, 2012

Մայր աթոռում քննարկվել են կրոնական տուրիզմի եւ մշակութային ուղիների խնդիրները

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, հուլիսի 10-ին, տեղի է ունեցել քննարկում «Ս. Էջմիածինը կրոնական տուրիզմի եւ մշակութային ուղիների խաչմերուկում» խորագրի շուրջ: Քննարկման սկզբում բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Անդրադառնալով Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացման անհրաժեշտության խնդրին` Մուշեղ Սրբազանը կարեւորել է նման սեմինարների անցկացումը` ընդգծելով, որ դրանք այսուհետ շարունակական բնույթ են կրելու: Նա ներկայացրել է նաեւ այս ուղղությամբ Մայր Աթոռի կողմից գործադրվող ջանքերը, որպեսզի իր հարկի ներքո ուխտավորները եւ զբոսաշրջիկները կարողանան լավագույնս հաղորդ դառնալ հայ ժողովրդի ազգային եւ հոգեւոր արժեքներին: Այնուհետեւ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռին` տուրիզմի կարեւորագույն ճյուղի զարգացմանը բերվող նպաստի համար` նշելով, որ նման հանդիպումները նաեւ ավելի են ամրապնդում Մայր Աթոռի եւ այդ ոլորտում ներգրավված ընկերությունների համագործակցությունը: Քննարկվող թեմայի շուրջ բանախոսություն է ներկայացրել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, ով իր խոսքում համառոտ անդրադարձել է Մայր աթոռի հոգեւոր գանձերին, որոնք դարեր շարունակ դեպի իրենց են ձգել տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ ուխտավորների եւ օտարերկրացի ճանապարհորդների: Քննարկումն ամփոփել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ով նկատել է, որ Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացմանն ուղղված կարեւոր եւ առաջընթաց քայլ է ուխտավորների համար համապատասխան պայմանների ապահովումը: Վերջում տեղի է ունեցել ընդունելություն Մայր աթոռի նորաբաց «Ագապե» ուխտավորական սեղանատանը:

No comments: