Wednesday, July 11, 2012

Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը Ղարաբաղում

1in.am. 11-7-2012- Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր
Սողոմոնյանը հայտարարել էր, որ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և նրան հաջողություն մաղթել Ղարաբաղի նախագահի առաջիկա ընտրությանը: Հիշեցնենք, որ այդ ընտրությունը տեղի է ունենալու հուլիսի 19-ին: Գործող նախագահ Բակո Սահակյանի հիմնական մրցակիցն է ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է նաև, թե Քոչարյանի ու Բակո Սահակյանի միջև հեռախոսազրույցներն ու շփումները սովորական են: Փաստորեն, երկրորդ նախագահը, որի հայաստանյան ներքաղաքական ակտիվության դիլեման շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի ամենաքննարկվող և ինտրիգային հարցերից մեկը, փորձում է ինտրիգ մտցնել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրության գործընթացում՝ ակնարկելով, որ ինքն էլ առնչություն ունի այդ ընտրությանը և աջակցում է Բակո Սահակյանին: Եթե հաշվի առնենք, որ Քոչարյանը Հայաստանում էական անհամաձայնություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, այդ թվում նաև՝ ղարաբաղյան կարգավորման քաղաքականության մասով, ինչն արտահայտվում է այդ քաղաքականության հանդեպ Վարդան Օսկանյանի՝ Քոչարյանի արտգործնախարարի և ներկայումս ԲՀԿ անդամի խիստ քննադատությամբ, ապա կարող ենք եզրակացնել, որ Ղարաբաղի նախագահի ընտրության հարցում էլ կարող է լինել որոշակի մրցակցություն Սարգսյանի և Քոչարյանի միջև: Չի բացառվում, որ նրանք փորձում են մրցակցել Բակո Սահակյանին նախագահ կարգելու հարցում՝ հետագայում այդ հանգամանքը իրենց ներհայաստանյան մրցակցությունում օգտագործելու համար: Մյուս կողմից՝ չի բացառվում նաև, որ Սարգսյանն ու Քոչարյանը իրականում մրցակցում են ԼՂՀ-ում ազդեցություն ունենալու համար՝ ելնելով այն իրողությունից, որ կարծես թե ակտիվանում է Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, և այստեղ կարող է լինել հերթական իմիտացիան, բայց միևնույն ժամանակ կարող են լինել նաև մինչև անգամ տարածաշրջանային, իսկ դա նշանակում է՝ նաև ներհայաստանյան նշանակության լուրջ զարգացումներ: Ահա այդ կտրվածքով Ղարաբաղում ազդեցություն կամ, այլ կերպ ասած, իշխանություն ունենալը կարող է որոշակի լծակներ ապահովել՝ տվյալ գործչին դարձնելով որոշակիորեն գործոն նաև տարածաշրջանային իմաստով: Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանի «մաղթանքը» ևս մեկ անգամ վկայում է, որ նրան քաղաքականությունից դուրս դնելու մասին հայտարարությունները իրականում, մեղմ ասած, գուցե ընդամենը ցանկալին իրականության տեղ դնելու փորձեր են, բայց ամենևին ոչ real politik:

No comments: