Thursday, September 13, 2012

Մարութա սարի եկեղեցին քանդել է Սասունի քաղաքապետը. պնդում են ականատեսները

News.am. 13-9-2012- Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի քաղաքապետը եւ Սասունի քայմաքամի հրահանգով են քանդել Մարութա լեռան գագաթին գտնվող հայկական Սուրբ Աստվածածին (Բարձր Աստվածածին) եկեղեցին։ Ինչպես տեղեկացնում է aykiridogrular կայքի հայ լրագրող Ջեւաթ Սինեթը, այս մասին պնդում են շրջակայքի գյուղերի բնակիչները։ Մարութա լեռան վրա գտնվող գյուղերի բնակիչները պնդել են, որ հուլիսի 29-ին հայերի կատարած ուխտից օրեր անց լինգերով քանդվել է եկեղեցու մուտքի եւ տանիքի մի մասը։ Շրջակա գյուղերի բնակիչները լրագրողի հետ զրույցում տվել են Սասունի քաղաքապետի եւ Սասունի քայմաքամի անունը։ «Այստեղ դիմակավոր անձիք էին հայտնվել։ Մենք տեղեկացրեցինք ժանդարմերիա, սակայն ոչ մի արձագանք։ Գյուղերի վարձկան պահապանները եւս չխառնվեցին սրան։ Դա նույնպես կարեւոր է նրանով, որ Սասունում կա 1500 գյուղի վարձկան պահապան եւ առանց նրանց գիտության Սասունում մի թռչուն չի կարող թռչել։ Գյուղի վարձկան պահապանները Սասունի քաղաքապետի եւ քայմաքամի մարդիկ են։ Նրանց մի մասը հերթապահել է, իսկ մնացածը օրը ցերեկով քանդել են հայկական եկեղեցին»,-պատմել են գյուղերի բնակիչները։ «Սասունի քաղաքապետ եւ Սասունի քայմաքամ, պատմության կեղտոտ էջերում ձեր տեղն արդեն վաղուց գրավել եք եւ պատմությունը ձեզ չի մոռանա»,-գրում է Ջեւաթ Սինեթը։ Նշենք, որ այս տարվա հուլիս 28-ի երեկոյան Սասունից, Հայաստանից, Ստամբուլից եւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 100 հայեր ուխտ են կատարել Մարութա սար՝ հաջորդ առավոտյան հասնելով Մարութա Սուրբ Աստվածածին: Ուխտից օրեր անց անհայտ սրբապիղծները քանդել են Սուրբ Աստվածածնի եկեղեցու մուտքի եւ տանիքի մի մասը։ Սասունի հայերի միությունը դիմել է դատախազություն։

No comments: