Thursday, September 13, 2012

Ալիևն իշխանությունը պահպանելու համար կարող է պատերազմի սցենար գործի դնել. «Ազադլիգ»

Panorama.am. 13-9-2012- Ադրբեջանական «Ազադլիգ»-ը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը 2013թ-ի նախագահական ընտրությունների հետ կապված՝ ճնշումներ է սպասում հատկապես եվրոպական կառույցներից: Այդ տեսակետից՝ իշխանական գաղափարախոսները շարունակում են ճգնաժամային այդ ժամանակաշրջանը հաղթահարելու պատրաստություններ տեսնել: Լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարությունը մտածում է նախագահական ընտրությունների շեմին բարեփոխումների գնալ, որոնց շարքում կարող է ազատ արձակել քաղբանտարկյալներին, միջոցներ ձեռնարկել քաղաքացիների կողմից ավելի շատ դժգոհության արժանացած ոլորտները ղեկավարող անձանց դեմ և այլն: Թերթի տեղեկություններով՝ 2013 թվականի հետ կապված իշխանությունը ևս մեկ ծրագրի վրա է աշխատում: Իշխանական գաղափարախոսները ցանկանում են, վերականգնելով համամասնական ընտրական համակարգը, մեծացնել Միլլի Մեջլիսի կազմը: Բնական է, որ նման դեպքում ընդդիմությանը խորհրդարան թողնելու ժամանակ ընտրություններն այնպես կկեղծվեն, որ իշխանամետ պատգամավորների թիվը մի քանի անգամ գերազանցի ընդդիմադիրներին: Բացի այդ, մտադրություն կա իշխանության մեջ մեծացնել վարչապետի լիազորությունները: Դա նկատի է առնված «Պուտին-Մեդվեդև» տարբերակի դեպքում: Այսինքն՝ ընտրությունների շրջանում լուրջ ճնշումներ լինելու դեպքում նախատեսվում է Իլհամ Ալիևի նախագահական աթոռը փոխարինել վարչապետի պաշտոնով: «Եթե իմիտացիաների միջոցով իշխանությանը չհաջողվի խաբել Արևմուտքին, այն կարող է դիմել ամենավատ տարբերակին: Դա պատերազմի սցենարն է: Դրանով իշխանությունը նպատակ ունի հետաձգել նախագահական ընտրությունները և շանտաժի ենթարկելով Արևմուտքին` հարկադրել զիջումների գնալ հօգուտ իրեն», -եզրակացնում է «Ազադլիգը»:

No comments: