Wednesday, September 12, 2012

Արևմուտքը կարողացել է համոզել Ռուսաստանին և Չինաստանին կոշտացնել դիրքորոշումը իրանական խնդրի վերաբերյալ

Panorama.am. 12-9-2012- Արևմուտքը կարողացել է համոզել Ռուսաստանին և Չինաստանին կոշտացնել դիրքորոշումը իրանական խնդրի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն` սեպտեմբերի 12-ին կայացած ՄԱԳԱՏԵ-ի հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան կարողացել են համոզել պաշտոնական Մոսկվային և Պեկինին արտահայտել «լուրջ դժգոհություն» Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ` արդյոք Չինաստանի և ՌԴ դիրքորոշման փոփոխությունը կարտահայտվի՞ պաշտոնական հայտարարությամբ, թե՞ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևին սատարմամբ: Նշենք, որ Արևմտյան երկրները մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու ցանկության մեջ: Իր հերթին պաշտոնական Թեհրանը հավաստիացնում է, որ իր միջուկային ծրագիրը ունի բացառապես խաղաղ բնույթ: ՌԴ-ի և Չինաստանի դիրքորոշումը այս հարցում սովորաբար ավելի ճկուն է: Նախորդ ամիս ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ իրանական հարցում ՌԴ-ի դիրքորոշումը կարող է ավելի կոշտանալ: Ըստ շրջանառվող տեղակատվության` հիմնական պատճառը Իրանի` միջազգային դատարան ուղղած հայցն է` ընդդեմ ՌԴ-ի: Պաշտոնական Թեհրանը մեղադրում է ՌԴ-ին С-300 հակահրթիռային կայանների վաճառքի վերաբերյալ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ:

No comments: