Wednesday, September 12, 2012

Թուրքական իշխանությունների հովանավորությա՞մբ է քանդվել Մարութա սարի եկեղեցին

News.am. 12-9-2012- Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի քաղաքապետ Մուզաֆեր Արսլանի հայտարարությունը կարծես թե խոստովանություն լինի, որ իրենց հովանավորությամբ է քանդվել Սասունի Մարութա լեռան գագաթին գտնվող հայկական Բարձր Աստվածածին (Սուրբ Աստվածածին) եկեղեցին։ Բաթման նահանգի տեղական aykiridogrular կայքի հայ թղթակից Ջեւաթ Սինեթի հրապարակման մեջ նշվել է, թե Սասունի քաղաքապետ Մուզաֆեր Արսլանը հայտարարել է, թե ավանդաբար Մարութա սար կազմակերպվող վերելքն այս տարի արգելվել էր, քանի որ նախորդ տարի Մարութա սար բարձրացած հայերը այնտեղ Հայաստանի դրոշն էին բարձրացրել։ Քաղաքապետը նշել է, թե լեռան վրա գտնվող գյուղացիները տեսել են Հայաստանի դրոշը եւ կանխել են հայերի «սադրանքները»։ Նշենք, որ ավելի վաղ Սասունի քաղաքապետը եւ Սասունի քայմաքամը հայտարարել էին, թե Մարութա սարի վերելքը հետաձգում են, քանի որ այդ ժամանակահատվածը համընկնում է իսլամական Ռամադանի տոնի հետ։ Չնայած քաղաքապետի եւ քայմաքամի հայտարարությանը, Սասունի հայերի միությունը կազմակերպեց ուխտագնացությունը դեպի Մարութա լեռան գագաթ։ Ուխտագնացությունից օրեր անց հայտնի դարձավ, որ անհայտ սրբապիղծները լինգերով քանդել են Մարութա սարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մուտքի եւ տանիքի մի մասը։ Սասունի հայերի միությունն այս կապակցությամբ դիմել է Սասունի դատախազություն, որն էլ դեպքի հետ կապված հետաքննություն է սկսել։ Նշենք, որ այս տարվա հուլիս 28-ի երեկոյան Սասունից, Հայաստանից, Ստամբուլից եւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 100 հայեր ուխտ են կատարել Մարութա սար՝ հաջորդ առավոտյան հասնելով Մարութա Սուրբ Աստվածածին:

No comments: