Thursday, September 13, 2012

Հունգարիայի ԱԳՆ. Բուդապեշտը ներքաշվել է ղարաբաղյան հակամարտության մեջ

News.am. 13-9-2012- Հայ սպա Գուգրեն Մարգարյանի մարդասպանի` Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը հունգարական կառավարության համատեղ որոշումն է եղել եւ բոլորը պատասխանատու են այդ քայլ համար: Այս մասին այսօր` սեպտեմբերի 13-ին հայտնել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Յանուշ Մարտոնին: Նա նշել է, որ Հունգարիան իր կամքից անկախ ներքաշվել է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Մարտոնին կտրականապես հերքել է երկու կողմերի միջեւ գաղտնի պայմանավորվածության ենթադրությունները, հայտնում է politics.hu հունգարական կայքը: Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները հստակորեն վստահեցրել են, որ մարդասպանը կշարունակի պատիժը կրել հայրենիքում, եւ Հունգարիան հավատացել է այդ վստահեցումներին: Համագործակցությունն աշխատում է բարի կամքի հիման վրա, հայտնել է նա` ավելացնելով, որ ադրբեջանական կողմը իր խոսքի տերը չի եղել: Սաֆարովի արտահանձնման հունգարական կառավարության որոշումը «ցավոտ» է եղել եւ «ոչ այդքան հեշտ», նշել է նա` նկատի ունենալով Հայաստանի եւ Հունգարիայում հայ համայնքի հետ լավ հարաբերությունները: Մարտոնիի խոսքով, այժմ պետք է փորձել հանգստացնել արտահանձնման արդյունքում առաջացած հուզումները: Բոլոր միջոցները պետք է կիրառվեն, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը ավելի չաճի:

No comments: