Tuesday, September 18, 2012

Օլանդի դիրքորոշումը պետք է հստակ լինի. Ալիևը, որի ձեռքերն արյունոտ են, տեղ չունի Ֆրանսիայում

1in.am. 18-9-2012- Ալիևը, որի ձեռքերն արյունոտ են, տեղ չունի Ֆրանսիայում. Օլանդի դիրքորոշումը պետք է հստակ լինի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայում լույս տեսնող «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցին Ֆրանսիա: Արա Թորանյանն ասաց, որ փոքր-ինչ բարկացած է Ֆրանսիայի իշխանության վրա, որովհետև Ֆրանսուա Օլանդը մինչ նախագահ ընտրվելը շատ խոստումներ էր տվել հայ համայնքին, հիմա սպասում են և տեսնում՝ հստակ չէ, թե Օլանդն ինչ քայլեր պետք է ձեռնարկի: Ավելին, ֆրանսահայ խմբագիրն ասաց, որ տեսնում են՝ Օլանդը փորձում է բարեկամ լինել Թուրքիայի, Ալիևի հետ: «Հիմա մենք սպասում ենք, քանի որ նա մեզնից համբերություն է խնդրել, թեև տեսնում ենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բավական լավ հարաբերություններ ունի, ինչը մենք չենք ընդունում»,- նկատեց Արա Թորանյանը: Անդրադառնալով Ալիև- Օլանդ հանդիպմանն՝ նա հույս հայտնեց, որ Օլանդը շատ հստակ կգտնվի: «Հույս ունենք՝ Օլանդը կասի, որ Ալիևի կեցվածքը Սաֆարովի հարցում անընդունելի է: Հույս ունենք, որ կասի, թե նրա կեցվածքը Ղարաբաղի հարցում ճիշտ չէ: Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է, դա նշանակում է, որ Ֆրանսիան չի կարող այս իրադարձություններին թեթև արձագանքել՝ հաշվի առնելով նաև այն, որ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են տապալել Մինսկի խմբի գործընթացը: Հասկանում ենք, որ ֆրանսիական կեցվածքը դյուրին չէ, բայց մենք մեր իրավունքները պետք է պաշտպանենք և կպաշտպանենք»,- մեկնաբամնեց Արա Թորանյանը: Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայում գործող բոլոր հայկական հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները միասին բողոքի ակցիա են կազմակերպելու Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ դատապարտելով ալիևյան քաղաքականությունը Սաֆարովի և Ղարաբաղյան հարցում:

No comments: