Saturday, September 15, 2012

Փարիզում Ալիևի այցի օրը հայերը բողոքի դուրս կգան Ադրբեջանի դեսպանատան առջև

Tert.am. 14-9-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 18-ին Ֆրանսիա կատարելիք այցին ընդառաջ ֆրանսահայերը պատրաստվում են լայնամասշտաբ բողոքի ակցիա անցկացնել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև, այս մասին տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից։ «Ամբողջ աշխարհում հայերը, այդ թվում և ֆրանսաբնակները, չհամակերպվելով Ադրբեջան-Հունգարիա գործարքի իրողության հետ, շարունակում են իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն արտահայտող միջոցառումները»,– ասվում է նախարարության հաղորդագրությունում։ Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային միանալու են նաև Լիոն, Մարսել և այլ քաղաքների բնակիչները: Լիոն և Մարսել քաղաքների տարածքային կառույցները` Փարիզ հասնելու համար ակցիայի մասնակիցներին ապահովել են տրանսպորտով: Պատրաստվում են ցուցապաստառներ: Հիշեցնենք, որ 2004թ.-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Սաֆարովը կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006թ.-ի ապրիլին նա հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ այս տարվա օգոստոսի 31-ին արտահանձնվել Բաքվին, որտեղ արժանացել էր նախագահ Իլհամ Ալիևի ներմանը: Սաֆարովին շնորհվել էր մայորի կոչում, 8 տարվա կուտակված աշխատավարձ և բնակարան:

No comments: