Tuesday, September 22, 2009

Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք հաղթելու. ՀՀ նախագահ

HayInfo- 22-9-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հայտարարել է, որ Հայաստանը պատերազմ չի ուզում, բայց պատրաստ է հաղթելու: Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: «Ի՞նչ է ասում Հայաստանն իրեն պատերազմով սպառնացողներին: Պարզ ու հասկանալի բաներ. մենք սրեր ենք խաչել այնպիսի մեծ ու հզոր ազգերի հետ, որոնք ժամանակին աշխարհի բախտն են որոշել, բայց այսօր հիշատակվում են միայն պատմության դասագրքերում: Եվ ասում է. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք հաղթելու»` միաժամանակ մատնացույց անելով Արցախի խնդրի խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունը», - ասել է ՀՀ նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության 18-ամյակի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում: «Ի՞նչ է ասում միջազգային քաղաքական ասպարեզ վերադարձած Հայաստանը աշխարհին: Պարզ ու հասկանալի բաներ. խաղաղություն, կայունություն, բարիդրացիական հարաբերություններ, տնտեսական և այլ կարգի բազմակողմանի համագործակցություն բոլոր ուղղություններով: Մենք բավարար համբերություն և իմաստնություն ենք ունեցել դա ասելու նույնիսկ նրանց, ովքեր տարիներ շարունակ փորձում էին և հիմա էլ փորձում են մեր առաջընթացը կասեցնել ամեն տեսակ շրջափակումներով և հայատյաց քարոզչությամբ», - մեջբերեցին նախագահի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: Նրա խոսքերով, ցեղասպանության դժոխքից հարություն առած Հայաստանն իր աշխարհասփյուռ զավակներին ասում է պարզ ու հասկանալի բաներ. միասնություն, հավաքական կամք ու ջանք, հայության շահերն ու նպատակները պետականորեն հետապնդելու և պաշտպանելու վճռականություն, համայն հայության հայրենիքի նկատմամբ որդիական սեր ու նվիրում, մեր երազած Հայաստանը համատեղ ճիգերով բարձրացնելու երջանիկ հնարավորություն: Եվ ասում է. - «Բարի վերադարձ հայրենի տուն»: «Ի՞նչ է ասում ամենատարբեր բռնապետությունների, խալիֆայությունների ու կայսրությունների ճիրաններից փրկված Հայաստանն իր բազմազգ քաղաքացիներին: Պարզ ու հասկանալի բաներ. ազատություն, ժողովրդավարություն, իրավական պետություն, քաղաքացիական հասարակություն, եվրոպական արժեքային համակարգ: Նաև ասում է, որ տնտեսական և այլ կարգի ճգնաժամերը ժամանակավոր են, իսկ հայրենիքը` հարատև», - ընդգծել է ՀՀ նախագահը: Նրա խոսքերով, Հայաստանի աշխատունակ և աշխատասեր քաղաքացիները կարող են և հաղթահարելու են մեր ճանապարհին հայտնված նաև այս խոչընդոտները: Երախտագիտությամբ ընդունելով հանդերձ այն աջակցությունը, որ այսօր ցուցաբերվում է Հայաստանին, մեր դարավոր փորձը հուշում է, որ սեփական աշխատանքն է ամենայն բարիքի հիմքը», - ասել է Սարգսյանը: Շնորհավորելով բոլորին մեծ տոնի առթիվ՝ ՀՀ նախագահը նշել է, որ այլևս կայացած, ամրացած ու առնականացած հայոց պետությունը իրողություն է: «Նա հավատարիմ և խոսքի տեր դաշնակից է իր դաշնակիցների համար, նա հուսալի և խոսքի տեր գործընկեր է գործընկերների համար, նա հիմնավոր փաստարկներով բանավիճող ընդդիմախոս է ընդդիմախոսների համար: Բայց ամենից առաջ նա պայծառ արևով ողողված ու վառ մարդկանցով լի երկիր է իր բարեկամների և հյուրերի համար», - ասել է Սարգսյանը: «Նա կա, լինելու է հավերժ և հզորանալու է այնքան, որ դառնա մարմնացումը տեսիլքի. այն տեսիլքի, որ ունեցել են մեր բոլոր մեծերը` Խորենացուց մինչև Թումանյան, Կոմիտասից մինչև Արամ Խաչատրյան», - ընդգծել է ՀՀ նախագահը:

No comments: