Sunday, October 11, 2009

Շվեյցարիայի հայերը դեմ են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը

News.am- 10-10-2009 «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի ղեկավարությունը մտադիր է ՀՀ եւ Թուրքիայի ԱԳ նախարարների կողմից հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո մամուլի ասուլիս հրավիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնել է ասոցիացիայի նախագահ Սարգիս Շահինյանը: Նրա խոսքով, իրենց կազմակերպությունը դեմ է այդ փաստաթղթերին, որոնք մի շարք բացասական հետեւանքների կհանգեցնեն հայկական կողմի համար: Ասոցիացիայի անդամների կարծիքով, այդ արձանագրությունների ուժի մեջ մտնելուց հետո սպառնալիքի տակ է հայտնվելու Լեռնային Ղարաբաղը, քանի որ երրորդ երկրների ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ դրույթի համաձայն (իսկ Ղարաբաղը, միջազգային իրավունքի տեսակետից, դեռ գտնվում է Ադրբեջանի կազմում), Հայաստանն այլեւս չի կարողանալու պաշտպանել Ղարաբաղին եւ վերջինս ստիպված է լինելու միայնակ պայքարել իր ինքնորոշման համար: Բացի այդ, Ասոցիացիայի նախօրեին հրապարակված հայտարարության համաձայն, այս արձանագրությունների վավերացմամբ շրջափակվելու է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Իսկ միմյանց սահմանների ճանաչման մասին դրույթը կհանգեցնի Կարսի անօրինական պայմանագրի հաստատմանը: Սարգիս Շահինյանի ներկայացմամբ, իրենց ասոցիացիայի մամուլի ասուլիսը նախատեսված է Հայաստանի ժամանակով 21.30-ին: Միաժամանակ նա հայտնել է, որ ոչ մի բողոքի ակցիա իրենք չեն անցկացնելու:

No comments: