Monday, November 16, 2009

Սեմնեբին Բաքվում խոսել է հայ–թուրքական սահմանի բացման կարևորության մասին

Tert.am 16.11.2009 - Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին այսօր Բաքվում ամփոփել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳՆ ղեկավարի Էլմար Մամեդյարովի հետ ունեցած բանակցությունները: «Գլխավոր թեմաները, որոնք մենք քննարկել են այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկ հարցերը»,- լրագրողներին հայտնել է Փիթեր Սեմնեբին: Նրա խոսքով` Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հաճախակի հանդիպումները` նվիրված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, դրական գործոն են այդ հարցի լուծման գործընթացում: «Շատ բան է ձեռք բերվել, և չի կարելի կորցնել այդ ձեռքբերումները»,- Սեմնեբիի խոսքերն է մեջբերում Trend գործակալությունը: Սեմնեբիի խոսքերով` ԵՄ-ը գնահատում է հայ-թուրքական սահմանի բացումը որպես դրական գործոն, «քանի որ դա համապատասխանում է մեր` տարածաշրջանի տեսլականին, որտեղ ապագայում բաց կլինեն բոլոր սահմանները, որտեղ մարդիկ կկարողանան ազատ շարժվել, առևտրային հոսանքները կմերձեցնեն տարածաշրջանի երկրներին»: Ըստ Սեմնեբիի` իրավիճակը Հարավային Կովկասում բարդ է, երեք կարևոր սահմանները փակ են. դրանք են հայ-թուրքականը, հայ-ադրբեջանականը և վրաց-ռուսականը: Պետք է ինչ-որ բանից սկսել, նշել է Սեմնեբին: «Մենք հույս ունենք և պնդում ենք այդ հարցի շուրջ լուրջ առաջխաղացումների վրա»,- նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

No comments: