Tuesday, January 5, 2010

Իվլիան Խայնդրավա. Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ու "Արեւելյան գործընկերության գործարկումը 2009թ. ձեռքբերումներն են

News.am. 2-1-2010- NEWS.am-ի հարցերին պատասխանում է Վրաստանի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդներից, ճանաչված քաղաքագետ Իվլիան Խայնդրավան։ -Հարավկովկասյան տարածաշրջանի եւ, մասնավորապես, Վրաստանի համար ի՞նչ հիմնական ձեռքբերումներ եւ ձախողումներ կմատնանշեք 2009թ. համար: -Պոտենցիալ ձեռքբերումների շարքում (թեեւ դրանք պետք է իրացնել գործնականում) առաջին հերթին կնշեմ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, նաեւ՝ «Արեւելյան գործընկերության» ծրագրի մեկնարկի որոշումը, որին մասնակցում են նաեւ Հարավային Կովկասի պետությունները: Վերջինը միտված է տարածաշրջանում ԵՄ ներկայության ուժեղացմանը, ինչ իմ՝ վրացական լիբերալի կարծիքով, հարկավոր է ողջունել: Այդ ծրագրերի լիարժեք իրականացումն ի վիճակի է որակապես առողջացնել իրավիճակը տարածաշրջանում: Անցնող տարում 2008թ. օգոստոսյան պատերազմի նման աղետներ չեն եղել, թեեւ ընդհանուր առմամբ Վրաստանի համար այն դեպրեսիվ եւ անհաջող տարի էր: Ցավոտ եղավ այն նաեւ Հայաստանի տնտեսության համար, անգամ Ադրբեջանը գլուխ գովալու բան չունի: Ձախողում կարելի համարել (եւ պետք է), որ տարածաշրջանի պետություններից եւ ոչ մեկը ոչինչ չարեց ժողովրդավարության զարգացման ոլորտում. Ավելի շուտ՝ հակառակը: -Ինչպե՞ս է փոխվել աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում: Հաջողվե՞ց արդյոք տարածաշրջանի երկրներին ամրապնդել իրենց անվտանգությունն ու հեղինակությունը անցած տարում: -Ինչպես արդեն ասացի, ի հայտ եկան միայն իրավիճակի լավացման միտումներ: Կօգտագործվեն արդյոք առաջացած հնարավորությունները, եւ եթե այո, ինչ չափով, դեռ պարզ չէ: Վրաստանի հեղինակությունը շարունակեց գլորվել վար. մեր նախագահը չարժանացավ Արեւմուտքի եւ ոչ մի երկրում պաշտոնական այցի։ Բազմակողմ հանդիպումները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կամ «Արեւելյան գործընկերության» Վիեննայի գագաթնաժողովի շրջանակներում, հաշիվ չեն: Հայաստանն իր վրա դրական ուշադրություն հրավիրեց՝ շնորհիվ Թուրքիայի հետ ինտենսիվ երկխոսության, իսկ Ադրբեջանի հեղինակությունը, ըստ էության, լուրջ փոփոխություններ չկրեց: Տարածաշրջանի անվտանգությունը շարունակում է վերացական հասկացություն մնալ, եւ այստեղ խոսքը պետք է գնա ավելի շուտ մշտական անվտանգության մասին, որը դեռ սավառնում է օդում: -Փոխվել են արդյո՞ք երկու գերտերությունների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումներն եւ ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա: Ինչպե՞ս են փոխվել հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջեւ: -Վաշինգտոնում նոր վարչակազմի գալուց հետո Սահակաշվիլիի նkատմամբ վերաբերմունքը դարձել է ավելի զուսպ եւ իրատեսական: Իհարկե, ԱՄՆ-ը չի պատրաստվում մեջքով շրջվել Վրաստանին, բայց նրա աջակցությունը մեծապես կախված է լինելու մեր հռչակած նպատակներին եւ արժեքներին համապատասխանելուց: Համապատասխանաբար, ամերիկյան (եւ եվրոպական) քննարկումներում կրկին ամրապնդվել է տարածաշրջանային մոտեցումը, մեզնից (տարածաշրջանի երկրներից) սպասում են մեր խնդիրները լուծելու ունակություն, մեկը մյուսի հետ լեզու գտնելու ընդունակություն: Այդ համատեքստում հուսադրող է, օրինակ՝ Վրաստանի որոշումը՝ ռուս-վրացական սահամանի Վերին Լարս անցակետի բացման մասին, ինչը լավ նորություն դարձավ Հայաստանի համար: Խոսել Ռուսաստանի քաղաքականության փոփոխության մասին, որը շարունակում է դիտարկել Հարավային Կովկասն իր անմիջական, եւ, ուղիղ ասած, կոպիտ ազդեցության գոտի, իմաստ չունի: 2008թ. օգոստոսից հետո Ռուսաստանի ռազմական ներկայությունն ավելացավ քանակապես եւ որակապես, որը ոչ միայն չնպաստեց անվտանգության ամրապնդմանը, այլեւ մեծացրեց ռիսկերը: -Ի՞նչ կանխատեսում կարող եք անել 2010թ. համար՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի բավական լարված իրավիճակը: Հնարավո՞ր է նոր ռազմական հակամարտություն կամ առկա «սառեցված» հակամարտությունների վերսկսում: -Ես վատ կանխատեսող եմ, ուստի կօգտվեմ մաղթանքի հնարավորությունից, որ տալիս է Նոր տարին: Կցանկանայի, որ հայ-թուրքական երկխոսությունը զարգանար «ճանապարհային քարտեզին» համապատասխան: Լավ կլիներ, եթե իրական առաջընթաց գրանցվեր նաեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Հարկ է փնտրել եւ գտնել միջոցներ՝ վրաց-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամից հանելու համար, վերականգնել Թբիլիսիի եւ Սուխումի, Թբիլիսիի եւ Ցխինվալի միջեւ անմիջական երկխոսությունը: 2008թ. օգոստոսյան պատերազմը լիուլի ցույց տվեց «սառեցված հակամարտությունների» պայթյունավտանգ պոտենցիալը: Չկա վիճելի հարցերի, համընկող շահերի եւ փոխշահավետ բազմակողմ ձեւաչափերի ավելի լավ փորձ, քան հետպատերազմյան Եվրոպայինը: Եւ լավ կլիներ, եթե միասին առաջ ընթանայինք կայացած ազատական ժողովրդավարության ուղղությամբ եւ 2011 թվականը դիմավորեինք ավելի բարձր տրամադրությամբ, քան 2010 թվականը:

No comments: