Monday, January 4, 2010

Խստացրել են ստուգումները 7 երկրից ժամանող ուղևորների համար

Այսօրվանից ԱՄՆ ժամանող ուղևորների համար` ընտրողական սկզբունքով, մտցվում է խստացված ստուգումների ռեժիմ: Այս մասին հաղորդում է «Sky News»-ը: Ինչպես տեղեկացրել են ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության վարչությունից (TSA), առավել մանրակրկիտ ստուգվելու են այն ուղևորները, որոնք ժամանում են ահաբեկչություն հովանավորող և «հետաքրքրություն ներկայացնող» այլ երկրներից: Այս ուղևորները ստիպված են լինելու անցնել անձնական ստուգում: Հիշեցնենք, որ ահաբեկչության հովանավոր երկրների ամերիկյան ցուցակում գրանցված են միայն Կուբան, Իրանը, Սուդանը և Սիրիան: Մինչ այդ TSA աղբյուրը նշել է, որ նման պայմաններ տարածվելու են նաև Նիգերիայից, Յեմենից և Պակիստանից ժամանող ուղևորների վրա: Մինչթռիչքային ստուգման նոր ցուցումներն ուղարկվել են բոլոր ավիաընկերություններին, որոնք ուղևորափոխադրումներ են կատարում ԱՄՆ: Ինչպես նշել է TSA աղբյուրը, նոր պայմանները ԱՄՆ բոլոր ավիափոխադրող գործընկերների կողմից ընդունվել են լիակատար ըմբռնումով: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Նիգերիայի 23-ամյա բնակչին հաջողվել էր ինքնաթիռ մտցնել պայթուցիկ սարք: Ինչպես պարզվեց հետագայում, երիտասարդը կապված է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական ցանցի հետ: Կատարվածի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պահանջել էր չեզոքացնել բոլոր համակարգային սխալները, որոնց հետևանքով նման պատահարները հնարավոր են դարձել: Անվտանգության կանոնների խստացումները քննարկվել են նաև այլ երկրներում:

No comments: