Sunday, January 3, 2010

Փորձագետ. Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի կողմից կվավերացվեն արդեն առաջիկա ամիսներին

News.am. 2-1-2010- 2009 թվականը, իհարկե, նշանավորվեց հայ-թուրքական հարաբերություններում շրջադարձային գործընթացներով, որոնք գլոբալ ազդեցություն ունեցան ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքական, այլեւ ներքաղաքական զարգացումների վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով, արտաքին քաղաքական գործընթացների վրա որոշակի ազդեցություն ունեցան նաեւ Ադրբեջանի հակազդեցությունը հայ-թուրքական արձանագրություններին, եւ դրանով պայմանավորված Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները: Կանխատեսելով 2010թ. իրադարձությունները, Գրիգորյանն ընդգծեց, որ միջազգային հանրության կողմից փորձ կարվի ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը եւ հնարավոր է պարտադրեն անգամ ինչ-որ շրջանակային համաձայնագիր, որում, սակայն, հստակության կոշտ արձանագրում չի լինի: Ընդ որում, նա շեշտեց, որ ղարաբաղյան հարցում արմատական որոշումները, ասենք՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու հարցի վերաբերյալ, կհանգեցնի Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կտրուկ ապակայունացման: «Եթե, ասենք, ստորագրվի շրջանակային համաձայնագիր Մադրիդյան սկզբունքների տեսքով, իրավիճակի սրացում չի լինի, բայց եթե փաստաթղթում խոսվի հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների մասին, ապակայունացումից խուսափել չի հաջողվի»,- հայտարարեց փորձագետը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ արձանագրությունների վավերացմանը՝ Գրիգորյանը նկատեց, որ արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի կողմից կվավերացվեն արդեն առաջիկա ամիսներին:

No comments: