Thursday, January 7, 2010

Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կնպաստի զբոսաշրջության երկուստեք զարգացմանը

News.am. 7-1-2010- Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կնպաստի զբոսաշրջության երկուստեք զարգացմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Զբոսավարների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Եղիշե Թանաշյանը՝ ավելացնելով, որ ներկայումս Թուրքիայի արեւելյան շրջաններ եւ հետագայում Հայաստան շրջագայության մեկնող զբոսաշրջիկները՝ սահմանը փակ լինելու պատճառով ստիպված են հանգստից 3-4 օր անցկացնել նաեւ Վրաստանում։ «Եթե սահմանը բացվի, ապա դա կազդի զբոսաշրջիկների թվի աճի եւ զբոսաշրջության եկամուտների ավելացման վրա, որովհետեւ սահմանի բացման դեպքում, զբոսաշրջիկները ստիպված չեն լինի Վրաստանում մնալ»,- ասաց Թանաշյանը՝ ավելացնելով, որ Թուրքիայի զբոսաշրջային ներուժը բավականին մեծ է։ Ըստ նրա՝ Թուրքիայում բնակչության մի զգալի մասը այս կամ այն կերպ կապված է հայկական մշակույթի հետ, սակայն այդ մասին բարձրաձայնելը այնտեղ ընդունված չէ։ «Այնտեղ մոտ 60 հազար հայեր են ապրում, բացի այդ՝ մի զգալի հատված բռնի մահմեդականացված հայերի սերունդներն են, որոնք իրենց ծագումի մասին բարձրաձայն չեն խոսում, բայց, բնականաբար, կցանկանան գալ Հայաստան, եւ թուրքերի մի զգալի մասն էլ հայ դայակներ են ունեցել, այսինք՝ ծանոթ են հայկական մշակույթին, եւ այս հատվածը եւս կցանկանա այցելել Հայաստան»,- նշեց զբոսավարների միության փոխնախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը հիմնականում կուղղվի դեպի Անթալիա։ NEWS.am-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ փորձագետ Արթուր Հակոբյանը նշեց, որ սահմանի բացման դեպքում Հայաստանը տարածաշրջանային զբոսաշրջային կենտրոն դառնալու մեծ հնարավորություններ ձեռք կբերի։ «Հայաստանը տարածաշրջանի բոլոր երկրներից ավելի շատ զարգացած սպասարկման ոլորտ ունի, բացի դրանից՝ Հայաստանի օդանավակայանը տեխնիկապես ավելի զարգացած եւ հուսալի է, բնականաբար նոր չվերթներ բացվելու դեպքում՝ ընկերությունները կընտրեն Զվարթնոցը»,- նշեց փորձագետը՝ ավելացնելով, որ Արեւմտյան Հայաստանում զբոսաշրջային ուղեւորություններին մասնակցելու ցանկություն ունեցողները միանշանակ կցանկանան հիմնական երկիր ընտրել Հայաստանը, որովհետեւ Թուրքիայի արեւելյան հատվածները զարգացած սպասարկման ոլորտ չունեն։

No comments: