Saturday, January 30, 2010

Ազատ են արձակվել «Էրգենեկոնի» գործով երեք մեղադրյալներ

Tert.am. 30-1-2010- Թուրքական դատարանը «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործով հերթական դատալսման ժամանակ որոշում է կայացրել ազատ արձակել այդ գործով անցնող երեք մեղադրյալների: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` դատարանը վերացրել է Սաքարիայի համալսարանի դասախոս՝ դոցենտ Էմին Գյուրսեսի, դոցենտ Ումիթ Սայընի և ենթասպա Մուհամմեդ Յուջեի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանված կալանքը: Դատարանի որոշմամբ` նրանք ազատ արձակվեցին` երկրից չբացակայելու պայմանով: Նշենք, որ դոցենտ Էմին Գյուրսեսը նույն այն մարդն է, որի անունը ժամանակին հոլովվում էր «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակում: «Էրգենեկոնի» գործով իրականացվող հետաքննության ժամանակ ի հայտ էին եկել փաստաթղթեր, որոնք ապացուցում էին Գյուրսեսի` այդ սպանության մասին իրազեկված լինելու փաստը: Բացի այդ, Գյուրսեսը դա չէր էլ թաքցնում: «Էրգենեկոնի» գործով դատալսումներից մեկի ժամանակ նա հայտարարել էր, թե Հրանտի դեմ իրականացվելիք հարձակման մասին իրենց հայտնել էին այդ դեպքից ամիսներ առաջ: Ինքն էլ այդ տեղեկությունը փոխանցել էր պատկան մարմիններին: Վերջերս հրապարակվել էին նաև Գյուրսեսի և «Էրգենեքոնի» գործով ձերբակալված գնդապետ Մուստաֆա Դյոնմեզի որոշ հեռախոսային գաղտնալսումների մանրամասներ, որտեղ Գյուրսեսը Դյոնմեզին ասում էր. «Հրանտ Դինքի սպանությունը լավ նախազգուշացում էր այդ կարգի մարդկանց համար»:

No comments: