Thursday, January 7, 2010

ՊԵՏՔ Է «ԸՆԴԱՄԵՆԸ» ՀՐԱԺԱՐՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ

Report.am. 7-1-2010- Մինչ Հայաստանում ամանորյա տոները կարծես թե ընդմիջել էին կյանքի առօրյա ընթացքը, թուրք բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում էին տարաբնույթ և ուշագրավ հայտարարություններ անել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ։ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտարարել է, որ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանի հետ կնքված արձանագրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթանում է անաղմուկ, բայց շատ ակտիվ դիվանագիտություն։ «Մենք արծարծում ենք սառեցված խնդիրներ։ Կիրառվող մեթոդների հրապարակայնությունը որոշ դժվարություններ է ստեղծում։ Կա նաև ժամանակի սահմանափակ լինելու խնդիրը։ Ռուսաստանը ևս, հանգուցային երկիր լինելով, քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Խոհանոցում ինչ-որ բան պատրաստվում է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը «CNN Turk»-ին տված հարցազրույցի ժամանակ։ Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, արտգործնախարարության 2009 թվականի աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հարաբերություններն Ադրբեջանի հետ հանդիսանում են Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից։ «Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամությունը՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի շրջանակներում մոտ ապագայում ավելի կամրապնդվի»,- Դավութօլուի խոսքերն է մեջբերել CNN Turk հեռուստաընկերությունը։ Արտգործնախարարի խոսքերով՝ Թուրքիայի նպատակն է ոչ միայն նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլև վերականգնել ողջ Կովկասի կայունությունը, այսինքն լուծել տարածաշրջանի բոլոր սառեցված հակամարտությունները։ Այդ համատեքստում Դավութօղլուն նշել է, որ իր երկրի համար շատ կարևոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ «Միջազգային ասպարեզում մենք ամեն ինչ կանենք այդ հարցի լուծման համար։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների նորմալացմանը զուգընթաց Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը կապահովի խաղաղությունը տարածաշրջանում»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Բուրխան Կուզուն նշել է, որ անժամկետ պայմանագիր կնքած երկրներն իրավունք չունեն առանց պայմանագիրը ստորագրած մյուս կողմերի հետ համաձայնեցնելու՝ ետ վերցնել իրենց ստորագրությունը։ «Իսկ եթե Հայաստանը գնա այդ քայլին՝ փոփոխություններ մտցնելով իր Սահմանադրության մեջ, կստացվի, որ նա մեկ անգամ ևս դեմ կգնա միջազգային իրավունքի նորմերին»,- հայտարարել է թուրք պատգամավորը Day.az-ին տված հարցազրույցի ժամանակ։ Հայաստանի նախագահ Սարգսյանի հայտարարությունը, թե ցանկացած պահի կարող են օրենք ընդունել և հետ վերցնել իրենց ստորագրությունն արձանագրությունների տակից, ավելի շատ ներքին սպառման և սփյուռքահայությանը հանգստացնելու համար է, կարծում է Բուրխան Կուզուն, հավելելով, որ Հայաստանի նախագահը շատ լավ հասկանում է, որ այդ քայլն իրականում կարող է մեծ վնաս հասցնել Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Ավելի լավ կլիներ, որ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններ առաջարկեր, որոնք չեղյալ կդարձնեին Թուրքիայից Հայաստանի հողատիրական պահանջները,-խորհուրդ է տվել թուրք պատգամավորը։ «Ես՝ որպես կառավարող կուսակցության անդամ, հայտարարում եմ, որ մինչև չլուծվի Ղարաբաղյան հարցը, արձանագրությունները չեն քննարկվի ո՛չ Թուրքիայի խորհրդարանում, ո՛չ էլ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Այդ մասին բազմիցս հայտարարել են նաև Թուրքիայի նախագահը, վարչապետը և արտգործնախարարը։ Այժմ մենք սպասում ենք այդ ուղղությամբ Հայաստանի քայլերին»,-նշել է Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նախագահը։ Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Ղարաբաղյան հարցի լուծումը Մինսկի խմբի գործունեության շրջանակներում, թուրք պատգամավորը հայտարարել է. «Մինսկի խումբը շատ անարդյունավետ է աշխատում։ Աշխարհի 3 ազդեցիկ պետության ներկայացուցիչներից կազմված Մինսկի խումբը չի կարողանում առաջ շարժվել, և դա իրենց պատիվ չի բերում։ Եթե նրանք չեն կարողանում ճնշում բանեցնել Հայաստանի վրա և ետ վերադարձնել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքները, ապա այդ խումբը պետք է արխիվ նետել։ Մինսկի խումբն ակնհայտորեն տեսնում է, որ առաջընթացին խանգարոււմ է Հայաստանը, բայց ոչինչ չի կարողանում անել։ Թուրքիան խաղաղ կարգավորման կողմնակից է, և ընդառաջ ժեստ է արել Հայաստանին, ցույց տալով, որ կարող է զիջումների գնալ։ Հայաստանին պետք է ընդամենը հրաժարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նկրտումներից»,-եզրափակել է իր խոսքը Բուրխան Կուզուն։

No comments: