Monday, April 5, 2010

ԻՆՉՈՒ ԵՆ ԵԿԵԼ 400 ՀՈԳՈՎ

FIDH ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ «Լրագիր» 5-4-2010- Այսօր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտում» «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի» (FIDH) նախագահ Սուեր Բելասենը հանդիպեց քաղբանտարկյալների կանանց հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր տիկին Բելասենի նախաձեռնությամբ՝ «Արդարադատություն, նոր մարտահրավերներ. անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք» թեմայով համաժողովի նախօրեին։ Սուեր Բելասենը հանդիպման սկզբում նշեց, որ քաղբանտարկյալների տիկնանց հետ հանդիպելով համոզված է, որ նրանք հասկանում են՝ ովքեր են իրենք և ինչպես կարող են օգնել. «Հուսով եմ, որ հասկանում եք նաև, որ եթե եկել ենք այստեղ 400 հոգով հանդիպելու, այդ նրա համար չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքը սեղմենք, այլ, որ օգնենք իրավապաշտպաններին ու այն մարդկանց, ովքեր դարձել են անարդարության զոհ»։ Բելասենը նշեց, որ FIDH-ի միջամտության արդյունքում ավելի քան 1000 մարդ ազատ է արձակվել և այդ թվում է եղել նաև առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանը, ով որպես քաղբանտարկյալ Մոսկվայում ձերբակալված է եղել։ «Մենք երբեք չենք կարող որևէ մեկի ազատության մասին մտածել՝ նստելով նեղ շրջապատում։ Եթե բարձրստիճան ներկայացուցիչներին հրավիրում ենք ֆորում, այդ նրա համար է, որ հնարավորություն ունենանք ուղղակիորեն նրանց դիմելու,- ասաց նա,- Հետևաբար պատահական չէր, որ մենք ցանկացանք հանդիպել ձեզ հետ նախքան ֆորումը, ու ձեր խոսքը փոխանցենք հանդիպման մասնակիցներին։ Այս ամենն արվում է ձեր ամուսինների, կոլեգաների ու տղաների ազատության համար ու իզուր չէ, որ մեզ հետ եկել են նաև միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազն ու այլ շատ իրավապաշտպաններ»։ Քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի տիկին Անահիտ Կիրակոսյանը տիկին Բելասենին առաջարկեց վաղը գիտաժողովի ընթացքում կայանալիք հանրահավաքի ժամանակ FIDH-ի անդամներից որևէ մեկին ուղարկել քաղաք Վանաձոր, որպեսզի տեղում տեսնեն, թե ինչպես քաղաքացիներին թույլ չեն տալիս գալ Երևան ու մասնակցել հանրահավաքին։ Նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի կինը՝ Մարինե Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ մի քանի իրավապաշտպաններ բոյկոտում են ֆորումը։ «Ինձ շատ է անհանգստացնում, որ ֆորումին չեն մասնակցելու այնպիսի մարդիկ, ովքեր իրականում զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ ու չգիտեմ՝ ում կարծիքն է ներկայացվելու ֆորումում։ Ինձ անհանգստացնում է փաստը, որ Միքայել Դանիելյանը, որ մեզ երկար ժամանակ ներկայացրել է որպես իրավապաշտպան, հրաժարվում է մասնակցել ձեր ֆորումին»։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ–ի (ՔՀԻ) խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի խոսքով, իրենց դիրքորոշումը միշտ եղել է հստակ՝ պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները. «Մենք օգտագործել ենք ցանկացած առիթ՝ այդ մասին բարձրաձայնելու համար և ուրախ ենք, որ այս քննարկումների ընթացքում կարող է հարցը բարձրացվել ոչ միայն պաշտոնական մակարդակով, այլ այդ մասին կիմանան աշխարհի տարբեր իրավապաշտպանների շրջանակներում»։ Սուեր Բելասենն էլ ավելացրեց, որ վերջին անգամ դեկտեմբերի է եղել Հայաստանում ու հանդիպել Սաշա Դավթյանի հետ. «Մեր միջամտությունն էլ որոշ չափով նպաստեց, որ նրան ազատ արձակեցին ու ինձ բոլորվին պետք չէ բացատրել՝ ինչպես է անցնում գործընթացը իշխանական մարմինների հետ կապված։ Հայաստանը միակ դեպքը չէ, որ մարդու իրավունքների տեսակետից վատ վիճակում է»։ Նախկին արտգործնախարար ու նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի տիկին Մելիսա Բրաունն էլ ասաց, որ ինքը FIDH-ի ներկայացուցչի հետ հանդիպել է 2 տարի առաջ ու հիմա մտահոգված է, որ Գագիկ Հարությունյանին, Գևորգ Դանիելյանին այս ֆորումին հրավիրելով՝ շանս է տրվում. «Նրանք կերևան հեռուստացույցով՝ ձեռքսեղմումով և ժպիտներով, ինչը մեր դեմ կօգտագործվի։ Մենք Միանմա և Զիմբաբվե չենք, բայց նրանք քայլ առ քայլ հասան այն ահավոր վիճակին, որ հիմա այդ ճանապարհի վրա ենք գտնվում այսօր», ասում էր Մելիսա Բրաունը։ Սուեր Բելասնը հավաստիացրեց, որ իրենք մտածել են բոլոր հավանական ու հնարավոր տարբերակները, որ պետությունը վատ գնալու ճանապարհից շեղվի ու լավ ուղղով գնա։ «Հիմա Հայաստանը կանգնած է այն ուղղու վրա, որ կամ լրիվ վատ վերջաբան կունան կամ լավ։ Մենք ուզում էինք գալ հենց այս երկիր, որ միասին պայքարենք՝ թույլ չտալով շրջվել վատ ուղղությամբ ու դրա համար էլ հիմա վճռական պահն է հասել, որ պետք է պայքարել»,- ասաց նա։ Արտակ Կիրակոսյանն էլ հավելեց, որ իրենք փորձել են ֆորումի միջոցով հնարավորինս օպտիմալ մոտենալ քաղբանտարկյալների ու մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին, որպեսզի իրենց աշխատանքն էլ չկուսակցականացվի։ Քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի որդի Սևակ Սաղաթելյանը դիմեց տիկին Բելասենին՝ ասելով, որ վերջինս «գեղեցիկ խոքեր ասաց», առաջինը չէր, որ նման բաներ է ասում, բայց թող ներեն իր կարծիքի համար. «Չեմ հավատում, որ կարող եք օրինական ճանպարհով որևէ բան անել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար։ Հավատում եմ ու հուսով եմ, որ հավտարիմ եք մարդու իրվաունքների հետ կապված ձեր կոչմանը ու ձեզանից կախված ամեն ինչ անելու եք»։ Սուեր Բելասենը, ի պատասխան Սևակ Սաղաթելյանի, ասաց, որ ինքը հավատարիմ է իր կոչմանը, դրա համար էլ այստեղ է։

No comments: