Tuesday, May 11, 2010

Թուրքական մամուլ. Մեդվեդևը միլիարդանոց նախագծերով գալիս է Թուրքիա

Panorama.am. 11-5-2010- Այսօր սպասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի երկօրյա պաշտոնական այցը Թուրքիա: Թուրքական լրատվամիջոներն ավելի վաղ հայտնել էին, որ այդ այցի ընթացքում կնքվելու են ավելի քան 20 միջպետական պայմանագրեր: Մասնավորապես թուրքական «Սամանյոլու հաբեր» (Samanyolu haber) լրատվական կայքի տեղեկացմամբ` սպասվում է, որ Մեդվեդևի այցի արդյունքում երկու երկրների միջև փոխադարձաբար հանվելու է մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմը, համաձայնություն է ձեռք բերվելու գազատարների անցկացնելու և Թուրքիայում ատոմային էներգիայի կայան կառուցելու վերաբերյալ հարցերի շուրջ: «Օրակարգ է գալու բնական գազի գինը զեղչելու հարցը: Թուրքական կողմն ականկալում է մինչև 15 տոկոսանոց զեղչ: Բացի այդ ծրագրվում է առևտրաշրջանառության ծավալը երկու երկրների միջև 5 տարում եռապատկել»,- գրում է նշված կայքը: 2008 թվականին Թուրքիայից Ռուսաստան է արտահանվել 6.5 մլրդ դոլարի, իսկ ներկրվել 31.4 մլրդ դոլարի ապրանք: 2009 թվականին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը նվազեց մինչև 22.9 մլրդ դոլար: Աղբյուրի հաղորդմամբ` այժմ թուրքական և ռուսական կողմերը նպատակադրվել են մինչև 2015 թվականը առևտրաշրջանառության ծավալը հասցնել 60 մլրդ դոլարի: Նախատեսվածի համաձայն` ստեղծվելու է միջպետական նշանակության բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ, որի աշխատանքները ղեկավարելու են Թուրքիայի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը: Մայիսի 12-ին էլ Անկարայում հրավիրվելու է ռուս-թուրքական գործարար համաժողով: Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը Անկարա է մեկնելու 50 հոգուց բաղկացած պատվիրակությամբ:

No comments: