Tuesday, May 11, 2010

Չավուշօղլուն Ծիծեռնակաբերդ չի այցելի

7or.am, 11-5-2010- Ինչպես հայտնի է, Հայաստան է ժամանելու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ազգությամբ թուրք Մովլութ Չավուշօղլուն։ «7օր»-ի՝ «Ծիծեռնակաբերդ այցելություն նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ» հարցին ի պատասխան՝ ՀՀ նախագահի և ԱԳՆ մամուլի պատասխանատուներ Արմեն Արզումանյանն ու Տիգրան Բալայանը խորհուրդ են տվել դիմել ՀՀ Ազգային ժողովին, քանի որ Չավուշօղլուն խորհրդարանական հյուր է, և օրակարգը կազմվելու է Ազգային ժողովի կողմից։ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը «7օր»-ին ասել է, որ Չավուշօղլուն Հայաստան է ժամանում ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային այցով, ինչը օտարեկրյա հյուրին ազատում է Ծիծեռնակաբերդ այցելելու արարողակարգային անհրաժեշտությունից. -Ծրագրում գրված է աշխատանքային այց, և Ծիծեռնակաբերդ այց նախատեսված չէ,- նշել է նա։ Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, տեղի է ունեցել հետևյալը. սկզբում նախատեսվել էր, որ Չավուշօղլուի այցը պաշտոնական է լինելու, որով պարտադիր կերպով պետք է լիներ այց Ծիծեռնակաբերդ, սակայն թուրք դիվանագետը հրաժարվել է ընդունել այդ արարողակարգը, և նախագահականի հետ համաձայնություն է ձեռքբերվել, որ Չավուշօղլուի այցը սահմանվի աշխատանքային, որպեսզի նա կարողանա խուսափել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց։ Այսինքն, ՀՀ իշխանությունները բավարարել են թուրք դիվանագետի պահանջը, և որոշվել է փոխել այցի բնույթը։ Սա հիշեցնում է Երևան Գյուլի այցելության ժամանակ տեղի ունեցած այն դեպքը, երբ ոչ պաշտոնապես հրահանգվել էր անջատել Ծիծեռնակաբերդի լույսերը, երբ Թուրքիայի նախագահը գտնվում էր «Հրազդան» մարզադաշտում։ Փաստորեն, «նախաձեռնողական» քաղաքականությունը դեռ շարունակվում է։

No comments: