Wednesday, July 21, 2010

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԵՎ ՈՒԺԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

«Լրագիր» 21-7-2010- Ստատուս-քվոյի պահպանման ջատագովների դիրքորոշման ամենաթույլ կետն այն է, որ նրանք չունեն այն հարցի պատասխանը, թե ինչպես են դադարեցնելու շարունակվող արտագաղթը,- հուլիսի 17-ի իր հայտնի ելույթում ասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: - Հարցերի հարցն, այսպիսով, ժողովրդագրությունն է` դեմոգրաֆիան, որը, XI դարից սկսած, եղել է հայ ժողովրդին բաժին ընկած բոլոր դժբախտությունների պատճառը: Հաշվի չառնել այս հանգամանքը եւ կուրորեն ձգտել ստատուս-քվոյի պահպանմանը, նշանակում է խորացնել առկա ժողովրդագրական ճգնաժամը եւ փութացնել ազգային աղետը: Անհնար է չհամաձայնել այդ դիտարկմանը, որ հարցերի հարցն իսկապես դեմոգրաֆիան է, եւ երկիրը դա նախ եւ առաջ մարդիկ են, ովքեր էլ թերեւս հենց իմաստ են հաղորդում ֆիզիկական տարածությանն ու գոյացություններին: Բայց ինչ կապ ունի մարդկանց պակասելը ստատուս-քվոյի հետ: Հասկանալի է իհարկե, թե ինչ նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նկատի ունի, որ մարդիկ հեռանում են, որովհետեւ կյանքը վատ է եւ չի փոխվում, իսկ կյանքն էլ վատ է եւ չի փոխվում, որովհետեւ Ղարաբաղի հարցը լուծված չէ եւ ստատուս-քվոն շարունակում է պահպանվել, ինչը հնարավորություն չի տալիս փոխել Հայաստանի կյանքը: Այսինքն, ստատուս-քվոյի եւ դեմոգրաֆիայի կապը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի մոտեցման մեկ այլ ձեւակերպման տարբերակ է`Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղի հարցի լուծման: Ինչպես ասում են, “բոլոր ճանապարհները տանում են Հռոմ”: “Տեղաշարժի” ազատություն ունեն բոլորը, այդ իսկ պատճառով ես էլ փորձեմ “Հռոմ” չգնալ, այլ մնալ Հայաստանում եւ տեսնել, թե արդյոք հնարավոր չէ պահել թե ստատուս-քվոն, թե դեմոգրաֆիան: Լեւոն Տեր-Պետրոսյանի հուլիսի 17-ի ելույթի մեջ վերհաստատված մոտեցումը մի փոքր մանրամասնեց Ազատություն կուսակցության նախագահ, Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանը. “Պատերազմը, հնարավոր վտանգը խանգարում են ներդրումներին, չեն թողնում կոնսոլիդացվի դեմոկրատիան եւ ոչ դեմոկրատ ուժերի կողմից, հատկապես ուժային կառույցների կողմից օգտագործվում են իշխանությունը վերցնելու համար, իշխանությունը պահելու համար: Սա պարզ է, երկրորդ կարծիք լինել չի կարող”: Այդ մանրամասներից հետո առաջանում են մի քանի հարցեր. իսկ ինչ պայմաններ են պետք դեմոկրատ ուժերի կոնսոլիդացիայի համար, արդյոք եթե չլինի պատերազմի վտանգ եւ չլուծված հակամարտություն, դա նշանակում է, որ իշխանությունն այլեւս ուժ չի՞ կիրառի կոնսոլիդացված դեմոկրատների համար, արդյոք իշխանությունը պատճառ չի գտնի ուժ կիրառելու համար կամ արդյոք պատճառն է, որ պիտի զսպի կամ ազատություն տա իշխանությանը: Ինչպես նախորդ հոդվածներիցս մեկում, այժմ էլ պատկերացնենք, թե Ղարաբաղի հարցը լուծվել է, ստատուս-քվոն քշվել է շատ հեռու, անտեսանելի հեռու, խաղաղության պայմանագիրը կախված է հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով, իսկ ուղղաթիռներն էլ այդ պայմանագիրն ամիսը մեկ անգամ թռուցիկների նման շաղ են տալիս Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքների ու գյուղերի վրա, որպեսզի մարդկանց գիտակցության մեջ խաղաղությունն արմատավորվի վերջնականապես: Արդյոք որեւէ մեկը համարում է, որ դրանից հետո Հայաստանում իշխանությունն ունենալու է իշխանություն պահելու դժվարություն: Արդյոք որեւէ մեկը հավատում է, որ իշխանությունն ասենք իր դիրքերին “սպառնացող” կոնսոլիդացված դեմոկրատիայի հանդեպ ուժի կիրառումից առաջ նստելու է եւ մտածի` “այ մարդ, էս Ղարաբաղի հարցն էլ լուծվեց, բա հիմա ինչ պատրվակով, ինչը շահարկելով ուժ կիրառեմ էս դեմոկրատների հանդեպ”: Իրականում Հայաստանի իշխանության համար ուժի կիրառումը երբեք պայմանավորված չի եղել պատճառի առկայությամբ կամ հզորությամբ: Ինչպես Մեծ Կոմբինատորն էր ասում` “պատճառ միշտ էլ կգտնվի”: Նաեւ մոլորություն է այն կարծիքը, թե իշխանությունը Ղարաբաղի հարցն ու պատերազմի վտանգն է դարձնում ուժի կիրառման “կնիք”: Այդ կնիքը դառնում է Սահմանադրությունը: Այսինքն, իշխանությունն իր դիրքերին ցանկացած “գրոհ”, այլախոհության ցանկացած դրսեւորում որակում է “սահմանադրական կարգի” խախտում եւ դիմում ուժային մեթոդների: Ասենք, ընդդիմության ակտիվիստ երիտասարդների Ազատության հրապարակում զբոսնելը կամ նստացույց անելը արգելում են ու բռնությամբ կանխում ոչ թե պատճառաբանելով, որ այդ զբոսանքից կարող է պատերազմ սկսել կամ Ղարաբաղը կարող ենք կորցնել, այլ ասում են, որ նրանք “սահմանադրական կարգ” են խախտում: Մարտի 1-ին Երեւանի կենտրոնում մարդկանց գնդակահարում էին այն “հիմնավորմամբ”, որ նրանք “սահմանադրական կարգ էին խախտում” եւ “խուլիգանություն”, “զանգվածային անկարգություն էին անում”: Հետեւաբար, պետք չէ բարդացնել առանց այդ էլ բարդ իրավիճակը. մարդիկ արտագաղթում են, որովհետեւ նրանց խաբում են, իրենց ազատությունն ու իրավունքը սահմանափակում են, իրենց ընտրությունը կեղծում են, իրենց աշխատանքից զրկում են կամ աշխատանքը շահագործում են, իրենց հասանելիք նյութական ռեսուրսները բաժանում են մի քանի ընտանիքների միջեւ եւ հետո բարեգործական ողորմածություն կամ ընտրակաշառք են բաժանում: Ու ստատուս-քվոյի փոփոխության կողմնակիցների ամենաթույլ տեղը թերեւս այն է, որ նրանք չեն կարողանում հստակ ցույց տալ ու բացատրել, թե ինչպես են կանխելու այդ ամենը Ղարաբաղի հարցը լուծելուց հետո: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: