Saturday, November 6, 2010

ԹՈՒՐՔԻԱՅԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԻ» ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ԱԶԳ», 06-11-2010 - Վերջին օրերին բավականին ակտիվ քննարկվող մի նորություն առավելապես ակցիա է հիշեցնում, քան իրողության արտացոլում: Ընդ որում, սառեցված հայ-թուրքական գործընթացի ֆոնին հստակ է, որ Թուրքիան նման տեղեկություններ տարածելով առավելապես խնդիր է դրել բացելու կարծես թե բավականին ամուր փակված «հարաբերությունների նորմալացման» գործընթացը:
Խոսքը Թուրքիայի «կարմիր գրքի» կամ, ավելի պատկերավոր ասած, «սեւ ցուցակի» մասին է, որից իբր դուրս է հանվել Հայաստանը: Մինչդեռ չկա որեւէ հիշատակում, թե Հայաստանն ընդհանրապես եղել է Թուրքիայի համար վտանգ ներկայացնող երկրների շարքում` ամրագրված «կարմիր գրքում»:
Ամենից առաջ, այդ փաստաթուղթը մեծ գաղտնիություն ունի, չի հրապարակվում: Իսկ այդ փաստաթղթում փոփոխությունների մասին տեղեկություններն հիմնականում արտահոսքի տեսքով են եւ հաստատապես ունեն կոնկրետ նպատակ ու խնդիր: Հենց թուրքական մամուլի հրապարակած տեղեկություններով այն վերանայվում է հինգ տարին մեկ: Փաստաթղթի յուրաքանչյուր վերանայումից հետո մասնագետների համադրությունները պարզել են, որ Հայաստանի անունը երբեք չի նշվել որպես սպառնալիք կամ վտանգ:
Այն, որ Թուրքիան իր «սեւ ցուցակի» վերաբերյալ տեղեկության արտահոսք է իրականացրել Իսրայելը որպես վտանգ ներկայացնելու մասին բարձրաձայն եւ երկրի համար կարեւոր փաստաթղթի մակարդակով, հստակ է: Հստակ է նաեւ, որ Հայաստանի անունը շոշափվում է Թուրքիայի «պատրաստակամության» մասին խոսելու նպատակով, չնայած հայկական կողմի այն հայտարարություններին, որ որեւէ կերպ եւ ոչ մի քննարկում չի իրականացվում հայ-թուրքական համատեքստում:
Այս առնչությամբ նշենք, որ «սեւ ցուցակում» չեղած Հայաստանը «հանելու» հայտարարություններով Թուրքիան չի փոխում նախապայմաններ թելադրելու իր կեցվածքը, մինչդեռ Հայաստանը քանիցս հստակ նշել է, որ եթե Թուրքիան իրոք ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել, ապա առաջին հերթին պետք է վավերացնի արձանագրությունները եւ սկսի երկրի ներսում Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: