Saturday, November 6, 2010

Թուրքերը Չարենցի հայրական տունը վաճառքի են հանել աստղաբաշխական գնով

Tert.am. 5-11-2010- Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի` Կարսում գտնվող հայրական տունը վաճառքի է հանվել աստղաբաշխական գնով: Այս մասին է գրում թուրքական Hurriyet օրաթերթի հոդվածագիր Իրեմ Քյոքերը` Եղիշե Չարենցին, Կարս քաղաքում գտնվող նրա հայրական տանը և հայ-թուրքական հարաբերություններին նվիրված իր հրապարակման մեջ:
Փորձելով թուրք հանրությանը ներկայացնել Եղիշե Չարենցի` հայ ժողովրդի համար ունեցած անգնահատելի դերակատարությունը` Իրեմ Քյոքերը գրում է.
«Չարենցը հայոց պատմության ամենակարևոր անուններից է: Այնքան կարևոր, որ նրան պատկերել են հայկական 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա: Չարենցը ծնվել է 1897թ. Կարսում: Առաջին բանաստեղծությունները գրել է դեռ 18 տարին չբոլորած: 1915թ. բռնագաղթի ականատեսն է եղել: Նույնիսկ որոշ աղբյուրների համաձայն` միացել է Օսմանյան կայսրության դեմ պայքարի դուրս ելած ուժերին: Ավելի ուշ մեկնում է Մոսկվա, որտեղ անցնում է բոլշևիկների շարքերը և պայքարում հանուն կոմունիզմի: Սակայն 1930-ական թվականներին` Ստալինի ռեժիմի ժամանակաշրջանում, ենթարկվում է մահապատժի»,- գրում է թուրք հոդվածագիրը` նշելով, թե Չարենցին Հայաստանում սկսեցին ավելի շատ գնահատել անկախությունից հետո:
Անդրադառնալով Կարսում գտնվող Չարենցի հայրական տանը` Hurriyet-ի հոդվածագիրը գրում է, որ դրա մասին սկսել են խոսել միայն վերջին տարիներին:
«Սրանից մի քանի տարի առաջ Վանի Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին որպես թանգարան վերաբացելու արարողությանը մասնակցում էր նաև Հայաստանի մշակույթի փոխնախարարը: Այնուհետև նա մեկնեց Կարս և այցելեց Չարենցի հայրական տուն: Ավելի ուշ մի պոլսահայ ցանկություն հայտնեց գնել և թանգարանի վերածել այդ տունը: Սակայն այդ լքված տան ներկայիս սեփականատերն աստղաբաշխական գնով` 250 հազար թուրքական լիրայով (մոտ 180 հազար ԱՄՆ դոլար) է վաճառում այդ տունը: Տան վաճառքի հարցով բանակցությունները ներկա փուլում կանգ են առել, իսկ Չարենցի տունը թանգարանի վերածելու նախագիծը` հայտնվել պահարանում»,- գրում է Իրեմ Քյոքերը` ընդգծելով, որ դա միայն մեկն է այն արժեքներից, որ թուրքերը չեն գնահատում:
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացին` թուրք հոդվածագիրը գրում է, որ, նախ և առաջ, կարևոր է, որ երկու երկրների ժողովուրդները կարողանան միմյանց հասկանալ:
«Հայ և թուրք ժողովուրդների միջև մի վիհ կա: Եթե Թուրքիայի կողմից Աղթամարում իրականացված քայլերն իրենց շարունակությունը գտնեն Կարսում, Աղրըում… Եվ եթե Հայաստանն էլ մի կողմ թողնի իր` համառության, կարծրատիպերի գերին դարձած կոշտ դիրքորոշումը և առաջին փուլում ժեստ անի ադրբեջանական զբաղեցված տարածքների առնչությամբ… Հավանաբար այդ անդունդի երկու կողմերը միմյանց կմոտենան, և այդ դեպքում Արձանագրությունները կստորագրեն ոչ միայն նախարարները, այլև` ժողովուրդները»,- եզրափակում է թուրք հոդվածագիրը:

No comments: