Saturday, December 31, 2011

Ի՞նչ սպասել 2012 թվականից. համաշխարհային մամուլ

Tert.am. 30-12-2011- Համաշխարհային մամուլը, ճանապարհելով անցնող տարին մտահոգվում է, թե ինչ սպասել 2012 թվականից: Foreign Policy հեղինակավոր պորտալն անդրադարձել է, թե ինչպիսի պատերազմներ ու հակամարտություններ են սպասվում հաջորդ տարում: Պարբերականը Միջազգային ճգնաժամային խմբին դիմել է քաղաքական ռիսկերը գնահատելու խնդրանքով, և փորձագետներն աշխարհի քարտեզի վրա հաշվել են տասը «թեժ» կետ:
Ըստ վերլուծաբանների` 2012 թվականին համակարտություններ չեն սպասվում Սուդանում, Հյուսիսային Կովկասում կամ Լեռնային Ղարաբաղում: Քիչ թե շատ կայուն կլինի իրավիճակը Մեքսիկայում և Հյուսիսային Նիգերիայում, նույնիսկ Կորեական թերակղզում կլինի հանգիստ: Սակայն խնդիրներ են սպասվում Սիրիայում, որտեղ ռեժիմը, ինչպես երբևէ, մոտ է տապալման: Արդեն հստակ է, որ նախագահ Բաշար Ասադն ինքնակամ չի հանձնելու իշխանությունը, և ուրեմն սպասվում է քաղաքացիական պատերազմ:
Հաջորդ տարում հնարավոր է պատերազմ Իսրայելի և Իրանի միջև:
Հրատարակությունը նաև գրում է, որ կաճի լարվածությունը Աֆղանստանում, որտեղ թալիբները վերջին ժամանակներում ակտիվացել են: Իր «ատամները» ցույց կտա նաև Պակիստանը, որտեղ սպանել են «Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին: Այն կպատերազմի, ամենայն հավանականությամբ, Հնդկաստանի հետ: Թույլ է նաև Եմենում Սալեհի ռեժիմը, որտեղ ևս հնարավոր են ցնցումներ:
Հակամարտությունները բացառված չեն նաև Միջին Ասիայում` Ուզբեկստանում կամ Ղազախստանում, նաև Կոնգոյում, Քենիայում, Սոմալիում, Վենեսուելայում: Նոր փորձություններ են սպասվում Թունիսի և Մյանմարի բնակիչներին:
The New York Times-ը գրում է, որ 2012 թվականին համաշխարհային տնտեսության համար մեծ նշանակություն կունենա նավթի գինը: Թերթը նշում է, որ հաջորդ տարեվերջին «սև ոսկու» գինը չի փոխվի և կմնա բարելի դիմաց 100 դոլարի սահմանում:
The Wall Street Journal-ն անդրադարձել է այլ խնդրի, որն անպայման կսրվի հաջորդ տարում` պարտքային ճգնաժամը եվրոգոտում: Եվրոն` որպես միասնական արժույթ փրկել-չփրկելու հարցը կսրվի ապրիլին:
Բրիտանական The Independent-ն այլ հարցով է մտահոգ` որ երկրներում են սպասվում հեղափոխություններ: Փորձագետների կարծիքով`դրանք սպասվում են Սիրիայում և Բահրեյնում:
Bloomberg գործակալությունն էլ անդրադարձել է հաջորդ տարվա ամենագլխավոր ինտրիգին, որը կլուծվի գարնանը: Խոսքն ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին է: Ըստ փորձագետների` Բարաք Օբաման հավանաբար չի վերընտրվի: Սակայն ով կփոխարինի նրան…
Այս ամենից ելնելով կարելի է ասել. սպասվում է շատ դժվար, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր տարի:

No comments: