Saturday, December 31, 2011

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը տարածել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Ամանորի շնորհավորական ուղերձը, որը ներկայացնում ենք ստորև.
Սիրելի զինվորներ, սպաներ, փառապանծ ազատամարտիկներ, սիրելի հայրենակիցներ
Նոր Տարվա նախաշեմին մեզանից յուրաքանչյուրը հետադարձ հայացք է գցում անցնող տարվան, վերլուծում կատարած աշխատանքը և ծրագրում հաջորդ տարվա անելիքները: 2011թվականը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար ձեռքբերումների պահպանման և թերացումների նվազեցման տարի էր: Անցնող տարում հայոց բանակը պատվով կատարեց իր մարտական խնդիրները և ապահովեց մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ արարումը: Արդիական սպառազինությամբ համալրման, միջազգային ռազմական համագործակցության խորացման, ռազմակրթության ոլորտում բարեփոխումների շնորհիվ Զինված ուժերի մարտունակությունը 2011թվականին ավելի է բարձրացել: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն ընդլայնել են իրենց առաքելությունը միջազգային անվտանգության ապահովման գործողություններին` արժանանալով գործընկեր պետությունների բարձր գնահատականին:
2011թվականը դժվարին, բայց արժանապատիվ տարի էր հայոց բանակի համար: Հակառակորդի հետ շփման գծում արձանագրվել է լարվածության շարունակական ավելացում: Պետության սահմանները անառիկ պահելու գործում մեր հաջողությունները ձեռք են բերվել առաջին գծում ծառայություն իրականացնող զինվորների, սպաների ու պայմանագրային ծառայողների հերոսական ծառայության, ինչպես նաև թիկունքային ապահովումն իրականացնող ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքի շնորհիվ:
Ջերմորեն ողջունում եմ երկրի սահմաններն անառիկ պահող բոլոր զինվորներին, մաղթում նրանց առողջություն և նորանոր հաղթական դրվագներ:
Ողջունում և խորին շնորհակալություն եմ հայտնում հայոց բանակի բոլոր զինվորների ծնողներին: Սիրելի ծնողներ, հպարտացե՛ք ձեր որդիներով, քանզի ձեր և հասարակության մյուս բոլոր անդամների պաշտպանությունը ապահովում են ձեր քաջ որդիները:
Ողջունում ու շնորհակալություն եմ հայտնում նաև հայոց բանակի սպաներին: Պարոնա՛յք սպաներ, դուք, որ ձեր կյանքը կապել եք Հայրենիքի պաշտպանության հետ, անցնող տարում պատվով կատարեցիք ձեր ծառայողական պարտականությունները և ապահովեցիք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գործառույթների պատշաճ կատարումը:
Լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Արցախյան պատերազմը հաղթանակած ու բանակի ակունքներում կանգնած ազատամարտիկներին: Սիրելի մարտական ընկերներ, ձեր նվիրումի ու զոհաբերության գնով ձեռքբերված հաջողությունները այսօր քաջալերում ու պարտավորեցնում են հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորներին:
Սիրելի հայրենակիցներ, 2011թվականը նաև դժվարությունների տարի էր: Զինված ուժերում, ցավոք, արձանագրվել են բացթողումներ, սխալներ ու դժբախտ դեպքեր, որոնք երբեմն արժեցել են մարդկային կյանքեր: Մեզ համար յուրաքանչյուր զինվորի կյանքը և առողջությունը շատ թանկ է: Այս պահին իմ կարեկցանքի խոսքերն եմ հղում հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված զինվորների ծնողներին. գիտակցում եմ, որ նրանց չի կարող սփոփել մահվան ելքով դեպքերի նվազման որևէ վիճակագրություն: Խոնարհվում եմ հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհած զինվորների հիշատակի առաջ անուն առ անուն:
Զինված ուժերը մարտունակ պահելը ամենօրյա աշխատանք ու դժվարին ծառայություն է պահանջում: Խոսելով անցնող տարում արձանագրված հաջողությունների մասին` չենք կարող չնկատել, որ դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի մեր ժողովրդի համար հպարտություն ու հաղթանակ ապահոված բանակը շարունակի վայելել հասարակության անվերապահ վստահությունը:
Որպես պաշտպանության նախարար, հավաստիացնում եմ, որ պաշտպանական բարեփոխումները կան և մնալու են իմ անմիջական ուշադրության ներքո, և մենք հասնելու ենք այն շեմին, որը կապահովի մեր ժողովրդի անվտանգ զարգացումը առաջիկա տասնամյակների համար: Այս ամենի համար պետք է ունենանք վստահություն սեփական ուժերի նկատմամբ և հավատ ապագայի հանդեպ:
Սիրելի հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն ու լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ:
Շնորհավորանքի առանձնահատուկ խոսքեր եմ ուղղում ամանորյա գիշերը մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողներին` մաղթելով նրանց տոկունություն ու խաղաղ ծառայություն, իսկ նրանց ծնողներին` քաջառողջություն ու բարօրություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

No comments: