Saturday, December 31, 2011

Ժիրինովսկին ապրիլին կայցելի Հայաստան

Մոսկովյան տարածաշրջանային համագործակցության կազմակերպությունում Ռուսաստանի կուսակցությունների հետ «Ռուս-հայկական համագործակցության» շրջանակներում դեկտեմբերի 29-ին ՌԴ Պետդումայում տեղի է ունեցել կազմակերպության տնօրեն Յուրի Նավոյանի հանդիպումը Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Նավոյանն անդրադարձել է Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին, ուշադրություն է հրավիրել Արցախի հաջողությամբ ընթացող պետականաշինության վրա, նշել է, որ ԼՂՀ-ն պետական կայացվածության մակարդակով արժանի է միջազգային ճանաչման:
Ժիրինովսկին, համաձայն լինելով ճանաչման անհրաժեշտությանը, նշել է, որ դրան ժամանակավորապես խանգարում է ներկայիս միջազգային կոնյուկտուրան: Ժիրինովսկու խոսքով, հայերն արդարացի պայքար են մղում իրենց իրավունքների համար: Ըստ նրա, Ռուսաստանը, Եվրոպան ու ԱՄՆ-ն աստիճանաբար կճանաչեն հայերի իրավունքներն իրենց Պատմական հայրենիքի վրա, եւ Թուրքիան պետք է հաշվի նստի այդ ամենի հետ:
Հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալով, Ժիրինովսկին ընդգծել է Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում, կարեւորել է Ռուսաստանի դիրքերի հետագա ամրապնդումը միջազգային հարաբերություններում: Լիբերալների առաջնորդը ընդգծել է նաեւ Ռուսաստանի զարգացման գործում հայկական սփյուռքի դերը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2012թ ապրիլին Ժիրինովսկին կայցելի Հայաստանը:

No comments: