Saturday, February 4, 2012

ԱՄՆ-ը փլուզվելու է այնպես, ինչպես ԽՍՀՄ-ը. Ալի Խամենեի

Tert.am. 3-2-2012- Չնայած Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը` Իրանը չի հրաժարվելու իր միջուկային ծրագրից: Այս մասին, իրանական IRINN հեռուստաալիքի հաղորդմամբ, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ իր ելույթում հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Նա հավելել է, թե Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները քաղաքական առումով շահավետ են Իրանի համար, քանի որ դրանք միջազգային հանրության աչքերում վարկաբեկում են Արևմուտքին: «Եթե չլիներ Իրանին զենք վաճառելու վրա դրված արգելքը, մեր բանակն ուժեղ չէր լինի: Եթե երկրի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր չլինեին, մենք ուրան չէինք հարստացնի: Պատժամիջոցները մեզ օգնում են բացահայտել մեր ներքին ներուժը, և մենք զարգանալու ենք»,-ասել է նա: Խամենեին նշել է, որ Իրանին պատերազմով սպառնացող ԱՄՆ-ը, ի վերջո, իրեն է վնասելու: «Եթե ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ սկսի, ապա Ամերիկան տաս անգամ ավելի շատ կտուժի, քան Իրանը: ԱՄՆ-ը թույլ է թե քաղաքականապես, և թե տնտեսապես»,-նշել է հոգևոր առաջնորդը և ընդգծել, որ դա ապացուցել են Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Իրաքում և Պաղեստինում, ամերիկացիների անհաջողությունները: Ալի Խամենեիին ընդգծել է, որ ԱՄՆ-ը, ի վերջո, փլուզվելու է այնպես, ինչպես ԽՍՀՄ-ը փլուզվեց: ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ-ը պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։ Այդ առնչությամբ ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել: Վերջին պատժամիջոցները սահմանվեցին օրեր առաջ. հունվարի 23–ին Բրյուսելում (Բելգիա) կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության անդամ երկրները հավանություն տվեցին իրանական նավթի ներկրման վրա էմբարգո սահմանմանը։ Պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում, ենթադրվում է, որ մինչև հուլիսի 1–ը Թեհրանից նավթ գնող Եվրամիության բոլոր երկրներն ամբողջությամբ հրաժարվելու են իրանական նավթից։

No comments: