Saturday, February 4, 2012

Մեր կողմից դավաճանություն կլինի, եթե Սուրբ Սարգսին դուրս մղենք մեր կյանքից. Հրանուշ Խառատյան

News.am. 3-2-2012- Մոդեռնացված Սուրբ Վալենտինի տոնը հնացած եւ գավառացված Սուրբ Սարգսի նկատմամբ ավելի շահեկան գայթակղության հնարավորություն է առաջացնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նրա խոսքով` Սուրբ Սարգսի եւ Սուրբ Վալենտինի տոների միջեւ լավ ու վատի խնդիր չկա, սիրո սրբազան հովանավորի կերպարը հայոց մեջ խիստ էթնիկացվել եւ առանձնացած է եղել քրիստոնեական աշխարհից։ «Վալենտինը քրիստոնեական աշխարհում ընդունված լավ կերպար է, իսկ Սուրբ Սարգիսը մոռացված լինելով տարբեր պատճառներով եւ ընկալվելով որպես շատ գավառական, գյուղական, հետամնաց երեւույթ, այս մրցակցության մեջ չի դիմանում: Վալենտինը ավելի մոդեռն է դառնում, որովհետեւ դրա ծեսը ապրել է բնական էվոլյուցիա, զարգացել է: Իսկ Սուրբ Սարգսի ծեսը մնացել է անցյալում եւ հակոտնյա է ներկա ըմբռնումներին, պատկերացումներին, ճաշակին»,- բացատրեց ազգագրագետը: Միեւնույն ժամանակ, Հրանուշ Խառատյանը շեշտեց, որ եթե 1500 տարվա պայքարի միջոցով մեր ժողովուրդը բերել այս կերպարը հասցրել է, մեր կողմից դավաճանություն կլինի, եթե Սուրբ Սարգսին դուրս մղենք մեր կյանքից։ Նրա խոսքով, Սարգիսը ամենաբարդ սրբերից մեկն է։ «Առաջին բարդությունն այն է, որ այդ տոնը եւ նախորդող պասը՝ Առաջավորաց պասը, միայն Հայ Առաքելական եկեղեցին է նշում, այս առումով միշտ կոնֆլիկտ է եղել այլ եկեղեցիների հետ։ Հայ Առաքելական եկեղեցուն միշտ մեղադրել են քրիստոնեական եկեղեցուց դուրս սուրբ ունենալու մեջ։ Մեր եկեղեցին շարունակ փորձել է բացատրել, թե ով է Սուրբ Սարգիսը եւ թե ինչու է նշում այս տոնը»,- ասաց նա` հավելելով, որ այլ եկեղեցիներ պնդել են, որ այդպիսի սուրբ գոյություն չի ունեցել, նա հերետիկոս է եւ այլն։ Դարերի ընթացքում ձեւավորվել է Սուրբ Սարգսի ժողովրդական կերպարը, նրան վերագրվել են մի շարք հզորություններ: Սուրբ Սարգսի հետ կապված բազմաթիվ ավանդազրույցներ կան։ Օրինակ` Սուրբ Սարգսի կերպարը տիեզերական երեւույթների հետ կապ ունի, քանի որ ինքը տիրապետում է երեւույթների վրա ազդելու կարողությանը, ինչպես՝ անձրեւ, ամպրոպ, քամի եւ այլն։ Բայց հեքիաթներում, աղոթքներում եւ այլ պատումներում տարածված է նաեւ այն, որ Սուրբ Սարգիսը սիրահարների հովանավորն է, սիրո կողմնակցի, սիրահարներին իրենց նպատակին հասցնելու, նրանց օգնելու, չարիքներից ազատելու, խեղճ, բայց արդարամիտ մարդկանց օգնության հասնող կերպար է։ Ինչ վերաբերում է Սուրբ Սարգսի տոնի հետ կապված աղաբլիթ ուտելուն, մասնավորապես, թե ով պետք է այն պատրաստի, ապա Հրանուշ Խառատյանը նշեց, որ այդ առումով զանազանություն է, աղբյուրներում նշվում է եւ այրի կին, եւ կույս աղջիկ, եւ երջանիկ կին: Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին վաղը` փետրվարի 4-ին տոնում է Սուր Սարգիսը: Դրան նախորդող գիշերը րիտասարդները կարող են աղաբլիթ ուտել:

No comments: